Վիեննայում Իրանի ու Արևմուտքի միջև ձեռք բերված համաձայնագրից հետո անցել է մեկ ամիս, սակայն Հայաստանը դեռ ոչ մի նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը՝ ընդգծելով, որ ներկայիս աշխարհակարգում Հայաստանն ուշանում է իր նախաձեռնություններում։
«Հայաստանը կարող է հանդես գալ մի քանի նախաձեռնություններով։ Դրանցից առաջինն այն է, որ Իրանն իր միջոցներից կարող է օգտագործել Հայաստանի հետ ծրագրեր իրականացնելիս, օրինակ՝ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման համար»,– ասաց նա։
«Մյուս հնարավորությունները՝ տրանզիտային են։ Օրինակ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա ուղղությամբ երկաթգծի կառուցում, սակայն հասկանալի է, որ սա մեծ ֆինանսներ է պահանջելու և ժամանակատար է լինելու։ Հետևաբար` ՀՀ իշխանությունները պետք է հանդես գան նախաձեռնությամբ՝ Վրաստան-Հայաստան- Նախիջևան-Իրան երկաթգծի վերագործարկման վերաբերյալ»,-ավելացրեց քաղաքագետը։
Ըստ Արա Պապյանի Վրաստանը խնդիր չի ստեղծի երկաթգծի վերականգման համար, ավելի բարդ է Նախիջևանի հատվածի հետ կապված խնդիրները։
«Այս նախաձեռնությունը բավականին նպաստավոր կարող է լինել Հայաստանի համար, որովհետև եթե Ադրբեջանը համաձայնի գործարքին, Հայաստանը կապաշրջափակվի, իսկ եթե չհամաձայնի՝ իր դեմ կտրամադրի ԱՄՆ-ին ու Եվրոպական Միությանը, որոնք շահագրգռված են երկաթգծի բացմամբ։ Եթե մենք նման նախաձեռնություններով հանդես չգանք ու սպասենք, թե երբ պետք է երկաթգիծ կառուցվի, մենք կարող ենք ուշանալ»,-ասաց նա։
Արա Պապյանը հորդորեց չմոռանալ, որ գոյություն ունի նաև ադրբեջանական երկաթգիծ՝ Աստարա-Թեհրան, որտեղ արդեն առաջին փորձնական երթերը կատարվել են, ինչը նշանակում է Հայաստանի տարածքով անցնող նոր երկաթգծի կառուցման հույսը կարող է ի չիք դառնալ։
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանը պետք է հանդես գա նաև վառելիքի տրանզիտային երկիր դառնալու նախաձեռնությամբ, թեև այս ոլորտում, նրա խոսքով, Հայաստանը մեծ հնարավորություններ չունի։
«Ցավոք մեր հնարավորությունները այստեղ մեծ չեն, որովհետև պայմանագրեր ունենք Ռուսաստանի հետ և պարտադրված ենք իրենցից վառելիք գնել, գազի բաշխիչ ցանցը ևս Ռուսաստանի սեփականությունն է, և եթե անգամ Իրանի գազը մտնի Հայաստան, չեմ կարծում, որ հասցնեն սպառողին։ Բայց Հայաստանը պետք է իր տարածքը վառելիքի փոխադրման մասին պատրաստակամությամբ հանդես գա, այլապես կգտնվի այլընտրանքային ճանապարհ։ Մի բան հստակ է, որ եթե Եվրոպայի համար չլինի իրանական գազը, ապա կլինի Թուրքմենստանի ու Ադրբեջանի գազը»,-ասաց նա։