Հաջորդ տարի Ծաղկաձորում կանցկացվի միջազգային «Ի՞նչ, որտե՞ղ , ե՞րբ» խաղի 2016թ. աշխարհի առաջնությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և բլոգեր Տիգրան Անդրեյ Քոչարյանը տեղեկացնելով, որ օրերս Ակումբների միջազգային ասոցիացիայից (նախագահ Կոզլովի կողմից) գրավոր պատասխան են ստացել՝ հաստատում առ այն, որ «Հայաստանի գիտակների ասոցիացիայի»՝ այս մասին հայտը բավարարվել է:
«Աշխարհի առաջնությունն անց է կացվելու Ծաղկաձորում, անց է կացվելու ՀՀ Նախագահի հովանու ներքո, միակ մարդը, որ գիտեր, որ մենք դիմում ենք, ՀՀ Նախագահն էր»,-տեղեկացրեց Արմեն Աշոտյանը, ով լինելու է Հայաստանի կողմից կազմակերպչական աշխատանքների համակարգողը, իսկ բլոգեր Տիգրան Քոչարյանը կզբաղվի գործադիր հարցերով:
Մի քանի շաբաթ հետո Հայաստան են ժամանելու խաղի գործընկերները՝ տեղում ծանոթանալու Ծաղկաձորի հյուրանոցային հնավորություններին ու կազմակերպման աշխատանքներին:
Արմեն Աշոտյանն արձանագրեց, որ Հայաստանում ինտելեկտուալ շարժումը վերջին տասը տարիներին գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո, դրան ուղղվում են համապատասխան բյուջետային հատկացումներ և այլն: Ինչպես նաև ծրագրավորված, համակարգված աշխատանք է տարվում Հայաստանում ինտելեկտուալ շարժումը քարոզելու ու ավելի համատարած դարձնելու համար: Ինչի համար կազմակերպվում են զանազան փառատոններ, օլիմպիադաներ:
«Հայաստանում աճում է նոր սերունդ, և մեզ հաջողվեց Հայաստանում այս տարիների ընթացքում պահպանել շարժումը, թույլ չտալ, որ այն մարի, նման վտանգ կար 2000-ականներին»,- հավելեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ ինտելեկտուալ շարժմանը միացել են նաև բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ընդգրկված են այս ինտելեկտուալ խաղում՝ ներառվելով տարբեր թիմերում: