Սևանա լճի մակարդակն այս տարի թեև քիչ, բայց բարձրացել է, իսկ ջուրն անգամ ափամերձ տարածքներում որակապես բարելավվել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ հիշեցնելով, որ երկու տարի առաջ Սևանից հավելյալ ջրի բացթողումը բացասաբար էր ազդել ջրի մակարդակի վրա։
«Չի՛ կարելի Սևանի հետ խաղալ, լավ է գոնե, որ այս տարի պլյուսով ենք առաջ գնում, առջևում օգոստոս ու սեպտեմբերն է։ Հիմա խնդիր է, որ ջուրը եկել–հասել է հզոր վիլաների մոտ։ Խնդիր կա նաև կոմունիկացիայի, որոնք լիարժեք չեն կարողացել տեղափոխել՝ ճանապարհներ, էլեկտրական ցաներ»,- ասաց նա։
Կարինե Դանիելյանը նշեց, որ տարիների ընթացքում Սևանի ափամերձ տարածքներից ապամոնտաժվել են 3000 կառույցներ, և ապօրինի են բոլոր այն կառույցները, որոնք տեղափոխման ենթակա չեն, այսինքն՝ շարժական չեն։
«Օրենքի համաձայն այդ տարածքներում կապիտալ շինություններ չպետք է լինեին, հետևաբար պետությունը նաև փոխհատուցելու խնդիր չունի։ Կարծում եմ, որ դրանց հիմքը պետք է ամրացվի ու թողնենք ջրի մեջ, ստեղծենք մեր Վենետիկը, գուցե դա նպաստի զբոսաշրջության զարգացմանը»,- ասաց նա։