Հասարակություն 

Մայր Աթոռը մեկնաբանում է Դերսիմից և Տիգրանակերտից ժամանած հայերին չմկրտելու պատճառը

Հայ Առաքելական եկեղեցու ավազանում մկրտվելու իրավունք ունեն ազգությամբ հայերը կամ հայերի հետ ամուսնացածները: Թուրքիայում բնակվող հայերը Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելու համար պետք է ներկայացնեն Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի հաստատումը, որ իրենք հայ են: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը` անդրադառնալով նրան, որ Հայաստանում հրաժարվել են մկրտել Դերսիմից ու Տիգրանակերտից ժամանած հայերի: «Կանոնական առումով նրանք պատկանում են Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանին, իրենք պետք է դիմեն պատրիարքարան, փաստաթղթի տեսքով ստանան հաստատում, որ իրենք հայ են, անցնեն որոշակի պատրաստություն, այնուհետև մկրտվեն Հայ Առաքելական եկեղեցում»,-հայտնել է Հայր Զաքարիան` ավելացնելով, որ նշյալ մարդիկ պատրիարքարանի կողմից հաստատում չեն ունեցել:

Նրա խոսքով` խնդիրը լուրջ է, քանի որ հոգևոր անվտանգության հարց է առաջանում: «Թուրքական անձնագրերում նշվում է նրանց կրոնական պատկանելությունը, մարդը կարող է Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելուց հետո իր թուրքական անձնագրում մնալ մահմեդական»,-նշեց  Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: «Մկրտությունը ձևական արարողություն չէ, այն կարևոր արարողակարգ է Հայ եկեղեցու կյանքում»,-ավելացրեց Հայր Զաքարիան:

Նույն շարքից