Հասարակություն 

Արամ Ա. Քրիստոնյա-մուսուլման երկխոսությունը հրամայական անհրաժեշտություն է գլոբալ այս աշխարհում

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին օգոստոս 10-ին այցելել են «Կրոնների և մշակույթների հանդիպում» հանձնախմբի անդամները՝ գլխավոր քարտուղար Շեյխ Հուսեյն Ահմադ Շհադեի գլխավորությամբ: Ժողովին ներկա էին նաև Կաթողիկոսարանի Միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը և Միջեկեղեցական հանձնախմբի անդամ Դոկտ. Ժան Սալմանյանը: Այս մասին հայտնում են Կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:

Շեյխ Հուսեյն Ահմադ Շհադեն նախ անդրադարձել է Վեհափառ Հայրապետի առանցքային դերակատարությանը միջեկեղեցական, միջկրոնական և ժողովուրդների միջև խաղաղ համագործակցության շրջանակում կատարած աշխատանքներին: Գլխավոր քարտուղարն իր ելույթում նշել է, որ լավ է ճանաչում հայ ժողովրդի պատմությունը, և նրա ցավը իր ցավն է: Ահմադ Շհադեն դատապարտել է 100 տարի առաջ Թուրքիայի կազմակերպած և իրականացրած Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա՝ Թուրքիան այսօր նույնպես ժխտողական դերակատարություն ունի Միջին Արևելքի ապակայունացման, ինչպես նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներին աջակցելու մեջ: Շեյխ Շհադեն նաև ասել է, որ ցանկանում է այս առիթն օգտագործել և կաթողիկոսարանից բոլոր քրիստոնյաներին Միջին Արևելքում իրենց արմատներին և հողերին կառչած մնալու կոչ հղել:

Վեհափառ Հայրապետն իր հերթին գնահատելով երկխոսության այս քայլը՝ ասել է, որ քրիստոնյա-մուսուլման երկխոսությունը հրամայական անհրաժեշտություն է համաշխարհայնացած (գլոբալ) այս աշխարհում:

«Ողջ աշխարհն այսօր կրոնական ծայրահեղականության դժվարությունների դեմ հանդիման է կանգնած, և մեր բոլորի պարտավորությունն է պայքարել ծայրահեղականության դեմ»,-ասել է Արամ Ա-ն:

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը՝ Նորին Սրբությունը նշել է, որ հայ ժողովուրդը պատմության ընթացքում լավ ճանաչել է Թուրքիայի նենգ քաղաքականությունը:

«Մեր օրերում արաբական աշխարհի զանազան պատասխանատուներին զգուշացուցրել ենք Թուրքիայի երկդիմի ու վտանգավոր քաղաքականության մասին: Այսօր բոլորին ծանոթ են Թուրքիայի որդեգրած նոր պանթուրանիզմը և ծայրայեղականության ու ահաբեկչության իր կողմնակից լինելը»,-եզրափակել է վեհափառ Հայրապետը:

Նույն շարքից