Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է գրել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ հուլիսի 20-22-ը Հարավային Կովկաս կատարած նրա այցելության ժամանակ արած այն դիտարկումների կապակցությամբ, թե Ադրբեջանը Եվրոպայի ռազմավարական դաշնակիցն է։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
Կարապետյանը ավտորիտար ռեժիմների, մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերությունների կապակցությամբ Տուսկին հիշեցրել է Եվրամիության գլխավոր արժեքների մասին. «ԵՄ-ի եւ Ադրբեջանի Հանրապետության համագործակցությունն ու աջակցությունը, այդ թվում՝ ռազմավարական արդիականացման ոլորտում գործընկերությունը պետք է պայմանական լինեն եւ ընդգրկեն մարդու իրավունքների պաշտպանության եւ զարգացմանը վերաբերող դրույթները»։
Նամակում ասվում է, որ Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական կազմակերպությունների դաշնությունն իհարկե պաշտպանում է տարածաշրջանում ԵՄ ակտիվ դերը։ «Սակայն մենք ցավում ենք, որ Եվրոպական խորհուրդը նման հայտարարություններով սխալ ազդակներ է ուղարկում այն մարդկանց, ովքեր անկեղծ պայքարում են Ադրբեջանում մարդու իրավունքների եւ տարածաշրջանում խաղաղության համար։ Որոշ իմաստով դա օրինականացնում է Ադրբեջանի ներկայիս ղեկավարության ռազմական հռետորաբանությունն ու բռնաճնշումների քաղաքականությունը։ Դա նաեւ վնաս է հասցնում Եվրամիության հեղինակությանը՝ որպես տարածաշրջանում միջազգային խաղացողի՝ մարդու իրավունքները հարգելու խաղաղություն պահպանելու կոչերը վերածելով ընդամենը բառերի եւ ցույց տալով, որ այդ ամենը չնչին դեր է խաղում, երբ գործը հասնում է համագործակցությանը»,- նշել է Կարապետյանը։