Գլխավոր Հասարակություն 

Լևոն Մելիք- Շահնազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

analitik.am

Ծանր հիվանդությունից հետո երեկ մահացել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` օգոստոսի 12-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, երեկոյան 18:00-21:00-ն։

Նրա որդու՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հաղորդմամբ, հուղարկավորությունը տեղի կունենա նույն տեղից, օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին։

Հասարակական գործիչ, քաղաքագետ Լևոն Հրանտի Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1958թ. փետրվարի 7-ին Կիրովաբադում:
1974-1979թթ. սովորել և ավարտել է Տաշքենդի rուսաց լեզվի և գրականության ինստիտուտը:

1988թ. տեղափոխվել է Արցախ, եղել է «Միացում» շարժման ղեկավարի տեղակալ: 1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Կիրովաբադի հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից: 1991թ. ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1992-1995թթ. ղեկավարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովը, եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահության անդամ:

1997թ. տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է դասավանդմամբ և վերլուծական գործունեությամբ: Հիմնադրել և ղեկավարել է «Ոսկանապատ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: Հեղինակել է ավելի քան 500 քաղաքագիտական վերլուծականներ և հոդվածներ:

Ամուսնացած էր, ուներ երեք զավակ:

Նույն շարքից