Սեպտեմբերի 5-ին և 6-ին Երևանում կայանալիք մաս-ռեսլինգի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլի անցկացման նախապատրաստման ընթացքին ծանոթանալու նպատակով ժամանած մաս-ռեսլինգի միջազգային ֆեդերացիայի քարտուղար, ՌԴ Սախա-Յակուտիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ինոկենտի Գրիգորևը հանդիպել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև մաս-ռեսլինգի Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը: Ողջունելով յակուտ հյուրին Երևանում գտնվելու կապակցությամբ, Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը նշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում ինչպես ավանդական, այնպես էլ մեզանում նոր տարածում գտնող մարզաձևերին, որոնցից է մաս-ռեսլինգը:
Քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն էլ յակուտ հյուրին ներկայացրել է մայրաքաղաքում մաս-ռեսլինգի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու մեր մարզիկների նվաճումները`նշելով, որ հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել մաս-ռեսլինգի Երևան քաղաքի առաջնություն: Մինչ այդ, քաղաքային իշխանության ներկայացուցիչները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել են, որ կարվի հնարավրը` սեպտեմբերի 5-ին և 6-ին Երևանում կայանալիք մաս-ռեսլինգի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը բարձր մակարդակով անցկացնելու համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մաս-ռեսլինգի միջազգային ֆեդերացիայի քարտուղար, ՌԴ Սախա- Յակուտիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ինոկենտի Գրիգորևը նշել է, որ մարզաձևի զարգացման ուղղությամբ Երևանում տարվող ակտիվ աշխատանքներն էլ նպաստել են, որպեսզի մարզաձևի խոշոր մրցաշարի փուլերից մեկը հենց Երևանում անցկացվի, ինչը նաև կնպաստի մաս-ռեսլինգի առավել մասսայականացմանը: Մաս-ռեսլինգի միջազգային ֆեդերացիայի քարտուղարը նշել է նաև, որ կան բոլոր նախադրյալները`մաս-ռեսլինգը նաև օլիմպիական մարզաձև դարձնելու համար:
«Գտնվելով Երևանում՝ տեսնում եմ, թե ձեր երկրում որքան բարձր մակարդակով են կազմակերպված համահայկական խաղերը: Ուզում եմ գոհունակությունս հայտնել քաղաքային իշխանություններին`նաև մաս-ռեսլինգի երևանյան մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու պատրաստակամության համար: Ես այդ մասին կծանուցեմ մարզաձևի բոլոր ֆեդերացիաներին» -, նշել է Ինոկենտի Գրիգորևը: Աշխարհում այսօր արդեն գործում է մաս-ռեսլինգի 33 ազգային ֆեդերացիա, որոնց թիվն առաջիկայում կաճի: Թիմերից շատերը կմասնակցեն Երևանում կայանալիք աշխարհի գավաթի 2-րդ փուլին: