Գլխավոր Իրավական 

Յուվեցի Կարոն օժտված է հիպնոսացնելու ունակությա՞մբ

analitik.am

ՀՀ ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր բացի այն, որ նիստերին բացակայում են, երբևէ օրենսդրական որևէ նախաձեռնությամբ հանդես չեն եկել, մշտապես ներգրավված են դատական գործընթացներում, ունեն անձեռնմխելիություն, նաև ունեն հիպնոսացնելու ունակություններ:

Այլապես ինչպես հասկանանք լրագրողին, ով պաշտպանում է Կարո Կարապետյանին՝ նույն Յուվեցի Կարոյին, այն դեպքում, երբ վերջինս հրազենային վնասվածքներ է հասցրել Արթուր Զադոյանին, սակայն այժմ տուժողի կարգավիճակում է:

Վնասվածքներ ստացած Արթուր Զադոյանն է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, իսկ Յուվեցի Կարոյի արարքներում հանցակազմերի առկայությունն անտեսվել է: Մենք վստահ ենք, որ որևէ մեկը Յուվեցի Կարոյին չի պաշտպանում, քանի որ նրա կողմից ինչ-որ շահ ունի՝ թե դատավորը, թե դատախազը, թե նրա ՛՛պաշտպան՛՛ որոշ լրագրողներ, նրանք ուղղակի մոլորության մեջ են: Յուվեցի Կարոն կարողացել է անմեղ հայացքով նայել նրանց և վստահեցնել, որ ԱԺ պատգամավորը չէր կարող նման արարք թույլ տալ: Հետո ի՞նչ, որ խոսակցություններ կան, թե Յուվեցի Կարո-Արթուր Զադոյան գործով վկային խոշոր գումար է տրվել  կեղծ ցուցմունք տալու համար՝ ի օգուտ Յուվեցի Կարոյի և բազմաթիվ այլ հետաքրքիր դեպքեր,  Կարոն ի՞նչ կապ ունի: Դա չար մարդկանց խոսքեր են: Գուցե նրա  ընտրողնե՞րն են որոշել իրենց սիրելի պատգամավորին աջակցել այս ծանր պահին:

Կարոն այս գործի սկզբից էլ շփոթմունքի մեջ էր: Նա դատավարության առաջին նիստի ընթացքում այնպիսի հայտարարություններ արեց, որոնք միանգամից արժանացան քննադատության: Նա ցույց տվեց արդարադատության վրա ազդելու իր ունեցած  ձևերը, ու նաև մի շարք անհեթեթություններ դուրս տվեց: Նշեց, թե Արթուր Զադոյանը դարանակալել էր՝ իրեն սպանելու համար, որպեսզի պարտքը  չտա, և որ դա ինչ-որ մեկի պատվերն էր…

Հետաքրքիր է միայն, եթե  Զադոյանը զենք ուներ, ինչպես գրված է մեղադրանքում, և մեքենայի մեջ գտնվում էր հետևի նստատեղին՝ Կարոյին ՛՛սպանելու՛՛ համար շատ ավելի հարմար դիրքում, ինչու՞ պետք է մետաղյա ձողով հարվածեր պատգամավորի գլխին ու փախչելով փորձեր խուսափել հետագա  հնարավոր ծանր հետևանքներից:

Այս գործով բազմաթիվ փաստեր կան, որոնց մշտապես անդրադարձել ենք, որոնք փաստում են, որ գործում բազմաթիվ բաց տեղեր կան, որ Արթուր Զադոյանը պետք է նստած լիներ ոչ թե մեղադրյալի, այլ տուժողի աթոռին: Հուսանք՝ ամեն ինչ իր տեղը կընկնի:  Հաջորդ  դատական նիստը կայանալու է  Օգոստոսի 19-ին, և մենք վստահ ենք, որ դատավարության բոլոր կողմերը, ինչպես նաև Յուվեցի Կարոյին ձայն տված որոշ լրագրողներ կհետևեն օրենքի տառին և կգործեն  արդարության սահմաններում: Այլապես մենք ստիպված կլինենք պարզել, թե այդ ի՞նչ հիպնոսային հնարքներ է կիրառում Յուվեցի Կարոն դատավարության կողմերի և որոշ լրագրողների վրա, որ նրանք փաստերն ու իրականությունն այլ կերպ են տեսնում:

Նույն շարքից