Գյուղատնտեսություն Հասարակություն Տնտեսություն 

Շուրջ 2 հեկտար տարածքի վրա խնձորի նորատունկ այգիներ են հիմնվել

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Լոռի`  մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այցը մեկնարկել է Սպիտակ քաղաքից, որտեղ Նախարարը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղել է «Սպիտակ» հասարակական կազմակերպության հիմնած  ջերմոցային տնտեսությունում, որն ընդգրկում է 2000 քմ տարածք:

Այստեղ վարունգի մշակության փորձնական ծրագիր է իրականացվում, որի շնորհիվ թվով 10 հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիր է լուծվել, ստացված բերքն իրացնում են տեղական շուկայում, ոռոգումը կաթիլային եղանակով են կատարում:

Աշխատողների խոսքով` մշակության ընթացքում որոշակի խնդիրներ է առաջացրել լվիճը, սակայն ԳԱՄԿ-ի մասնագետի օգնությամբ վնասատուի դեմ միջոցներ են ձեռնարկվել, և կանխվել է բերքի կորուստը: Նախարարն իր հերթին նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ մասնագետներ ներգրավել` խորհրդատվություն տրամադրելու համար: Ջերմոցային տնտեսության հարևանությամբ նաև շուրջ 2 հեկտար տարածքի վրա  խնձորի նորատունկ այգիներ են հիմնվել:

Մշակությունը դարձյալ կաթիլային ոռոգման համակարգի կիրառմամբ է իրականացվում, նախատեսվում է նաև հակակարկտային ցանց ներդնել:
Այնուհետև նախարարն ուղևորվել է Մեծ Պարնի, որը մարզի այն ութ համայնքներից մեկն է, որտեղ գյուղատնտեսության զարգացման համար կարևորագույն խնդիրներ են լուծվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և  մրցունակության» ծրագրի միջոցներով:
Մասնավորապես մարզի գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ կառուցվել է շուրջ 7.5 կմ ջրարբիացման համակարգ, տեղադրվել է 35 խմոց, ջրարբիացվել են նախկինում թերի կամ չջրարբիացված շուրջ 12 350 հա արոտներ, ինչպես  նաև տրամադրվել է 45 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 11 տրակտոր:

Նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, իր խոսքում հատկապես կարևորել է բարձր որակի ապահովման հարցը` շեշտելով, որ մեծածավալ ներդրումներ են կատարվել, և անհրաժեշտ է, որպեսզի դրանք արդյունավետ ծախսվեն և ծառայեն երկարաժամկետ հատվածի համար խնդիրների լուծմանը:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և  մրցունակության» երկրորդ ծրագրում, որն այս տարի է մեկնարկել,  նախատեսվում է ևս 11 համայնք ընդգրկել, 5-ում արդեն նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:
Նախարարը եղել է նաև Մեծ Պարնի համայնքի ցորենի ցանքատարածություններում, հետևել բերքահավաքի ընթացքին, ինչպես նա դիտարկել կարտոֆիլի դաշտերը:

Նախարարի խոսքով` այս տարի Լոռու մարզում բավականաչափ ավելացել են մշակովի հողատարածքները, ընդհանուր առմամբ նախորդ տարվանից  շուրջ 3153 հեկտարով ավել հող է մշակվել,  շուրջ 1885 հեկտարով ավելացել են հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի, 362` հեկտարով կարտոֆիլի,  671` հեկտարով կերային մշակաբույսերի և 116 հեկտարով` բանջարեղենի ցանքատարածությունները, համապատասխանաբար ակնկալվում է նաև համախառն բերքի արտադրության ծավալների աճ:

«Գյուղատնտեսական տարին բարեհաջող էր, և այսօր հատկապես գյուղմթերքի արտահանումների ծավալների աճ ենք արձանագրում, որը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը: Ես հույս ունեմ, որ տարեվերջի ցուցանիշները մենք կփակենք 2014 թվականի նկատմամբ  արտահանման ծավալների կրկնապատկումով»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարար Կարապետյանը:

Նախարարի այցի վերջին կանգառը Միխայլովկա համայնքն էր, որտեղ հետևել է ցորենի բերքահավաքի ընթացքին, զրուցել գյուղացիների հետ. այստեղ ցանքսը կատարել են պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրված էլիտային սերմնացուներով և անգամ անջրդի պայմաններում հեկտարից մինչև 55 ցենտներ բերք են ակնկալում ստանալ:

Նույն շարքից