Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ փայատիրոջ ներկայացուցիչ Ռալֆ Յիրիկյանի հետ, օգոստոսի 13-ին այցելել է Ստեփանակերտի «Թումո» կենտրոն՝ ծանոթանալու այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներին:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե, շրջելով կենտրոնի սենյակներով՝ վարչապետն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ եւ համապատասխան պաշտոնատար անձանց տվել նոր հանձնարարականներ, որպեսզի ուսումնական կենտրոնը շահագործման հանձնվի սեպտեմբերին: Շենքի՝ ավարտին մոտեցող վերակառուցման համար «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հատկացրել է շուրջ 150 մլն դրամ գումար, իսկ սարքավորումները ձեռք կբերվեն «Հայ բարեգործական ընդհանուր միության» կողմից:
Ըստ պատասխանատուների զեկուցման՝ Ստեփանակերտի «Թումո» կենտրոն կարող են հաճախել Արցախի 500-ից ավելի 7-17 տարեկան երեխաներ՝ տարբեր բնակավայրերից: