Հասարակություն 

ՀՀ տարածքում թույլատրվում է հետևյալ որսատեսակների սիրողական որսը

Հայաստանի տարածքում մեկնարկում է սիրողական որսաշրջանը: Թույլտվության հրամանն օգոստոսի 13-ին ստորագրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հրամանը նաև ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում 2015-2016 թվականների սիրողական որսի համար որսի կենդանիների թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները:

Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) թույլատրվում է հետևյալ որսատեսակների սիրողական որսը.

լոր – 2015 թվականի օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

աղավնիներ (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ) – 2015 թվականի օգոստոսի 23-ից 2016 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

քարակաքավ – 2015 թվականի նոյեմբերի 1-ից  դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

կտցարներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների) – 2015 թվականի օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

արտույտներ (դաշտային, տափաստանային) – 2015 թվականի սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

սարյակ (սովորական) – 2015 թվականի օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

կեռնեխներ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – 2015 թվականի օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) -2015 թվականի սեպտեմբերի 15-ից  2016 թվականի փետրվարի 29-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

2015-2016 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

Նույն շարքից