Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը արագաչափերի վերաբերյալ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 13-ին Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառության մեջ է դրել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այդ մասին պատգամավորը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նախագծում առաջարկվում է հետևյալը. եթե արագաչափերով արձանագրված խախտումը կատարվել է 15 տարի և ավելի հնության մեքենայով, առնվազն 10 տարվա և 250-ից 350 ձիաուժ շարժիչով մեքենայով, առնվազն 5 տարվա և 120-ից 250 ձիաուժ շարժիչով մեքենայով, մինչև 120 ձիաուժ հզորությամբ ցանկացած տարիքի մեքենայով, բեռնատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով, այդ դեպքերում նշանակվում է տուգանք Վարչական օրենսգրքով սահմանված տուգանքի կեսի չափով:

«Ընդգծեմ, որ դա վերաբերվում է միայն արագաչափերով և երթևեկությանը հետևող տեսախցիկներով ֆիքսվող խախտումներին և տարածվում է միայն վերը նկարագրված կատեգորիայի մեքենաների վրա: Այսինքն՝ այս փոփոխությունը չի տարածվում «կենդանի» արձանագրված խախտումների վրա, չի տարածվում նաև այն դեպքերի վրա, երբ արագաչափերով և տեսախցիկներով արձանագրված խախտումներն իրականացվում են ճոխ և համեմատաբար ճոխ մեքենաներով:

Հասկանում եմ, իհարկե, որ այստեղ միանգամից հարց է ծագելու. ի՞նչ կապ ունի՝ ինչ մեքենայով է արվել խախտումը: Խախտումը խախտում է և կապ չունի, թե ինչ մեքենայով է դա արվել: Այս տեսակետը իհարկե, արդարացի է, եթե խնդրին մոտենանք երթևեկության անվտանգության տեսակետից: Բայց հենց դա է խնդիրը. կարծում եմ բավարար հիմքեր կան ապացուցված համարելու, որ երթևեկությանը հետևող տեսախցիկները և արագաչափերը ոչ մի կապ չունեն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ: Որքան շատանում են արագաչափերն ու տեսախցիկները, այնքան շատանում են խախտումները, այսինքն՝ կարգազանց վարորդների թիվը, և ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը ոչ միայն չի պակասում, այլև ավելանում է:

Սա նշանակում է, որ այդ սարքերը տեղադրվել են ոչ թե երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, այլ որպես ֆիսկալ գործիք, որպես դրամահավաքության մեքենա: Եվ ուրեմն, ներկայիս ծանր սոցիալական պայմաններում՝ միջին խավի և սոցիալապես պակաս ապահով կամ ոչ ապահով խավի համար այդ գործիքը գոնե պետք է գործի կիսով չափ: Առայժմ առավել արմատական պնդում չեմ անում, որովհետև ակնկալիքս ոչ թե քաղաքական հայտարարություն անելն է, այլ այն, որ նախագիծը, կամ դրա լրամշակված տարբերակը (ընդունելի տարբերակ կարող է համարվել, օրինակ, եթե 50 տոկոսանոց «զեղչը» կիրառվի համատարած բոլորի վրա) իսկապես ընդունվի:

Սա ամենևին չի նշանակում, թե այսպիսով համակերպվում ենք արագաչափերի և երթևեկությանը հետևող տեսախցիկների գործունեության այսօրվա բովանդակության հետ:

Նախագծի հիմնավորման մեջ այս կապակցությամբ գրել եմ. «Առաջարկվող նախագիծը դիտարկվում է որպես միջանկյալ քայլ՝ երթևեկությանը հետևող տեանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործարկման հետագա նպատակահարմարության, կամ դրանց գործունեությունը ճանապարհային երթևեկության կարգապահության և անվտանգության տեսակետից արդյունավետ դարձնելու հարցերի քննարկումից առաջ»:

Այսպիսով, նշված նախագիծը առնվազն լավ առիթ պիտի դառնա, որպեսզի լրջորեն քննարկենք, թե ինչպես պետք է ազատվենք արագաչափերի և երթևեկությանը հետևող տեսախցիկների անընդունելի հարստահարումից», -գրել է Փաշինյանը:

Նույն շարքից