Հասարակություն 

Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային համաժողով կանցկացվի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ Բուենոս Այրեսի հիշատակի հանձնաժողովն օգոստոսի 20-22-ը Բուենոս Այրեսի համալսարանում «Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով միջազգային համաժողով կանցկացնի:

Համաժողովի բացմանը կմասնակցեն Մարդու իրավունքների Միջամերիկյան դատարանի դատավոր Էուխենյո Ռաուլ Սաֆարոնին, նախկին դատավոր Լեոն Կառլոս Արսլանյանը, արդարադատության եւ մարդու իրավունքների նախկին նախարար Ռիկարդո Հիլ Լավեդրան, Գլխավոր հաշվիչ պալատի նախագահ Լեանդրո Դեսպուին եւ Բուենոս Այրեսի համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի դեկան Մոնիկա Պինտոն:

Օգոստոսի 21-ին զեկույցներով հանդես կգան դաշնային դատավոր Դանիել Ռաֆեկասը, Խտրականության, այլատյացության եւ ռասիզմի դեմ ազգային ինստիտուտի ղեկավար Պեդրո Մուրադյանը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ադոլֆո Պերես Էսկիվելը, Կալիֆորնիական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը եւ այլք:

Համաժողովի վերջին օրը՝ օգոստոսի 22-ին, ելույթ կունենան Ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերշթեյնը, Մասաչուսեթսի Վուսթերսի համալսարանի պրոֆեսոր Անրի Տերիոն, Սան Անդրեսի անվան համալսարանի եւ Լանուսսի ազգային համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

Նույն շարքից