Հասարակություն 

Նախնական տվյալներով՝ Մերի Մարգարյանի դստեր մահվան պատճառը երկկողմանի թոքաբորբն է եղել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի դստեր մահվան պատճառը նախնական տվյալներով եղել է երկկողմանի թոքաբորբը: Այս մասին ասել է գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

Նա նշեց, որ ծննդկանի եւ նորածնի մահվան վերջնական պատճառը հայտնի կլինի միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո:

Հարցին, թե արդյոք տուժող կողմը գոհ է նախաքննական մարմնի գործողություններից, փաստաբանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ դժգոհելու պատճառ չունենք, օպերատիվ եւ օբյեկտիվ աշխատանքներ են իրականացվում: Մեկ շաբաթում հարցաքննվեցին Մերի Մարգարյանի հարազատները, ընկերուհին: Քննչական կոմիտեի հաղորդագրությունից էլ պարզ է դառնում, որ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգն ու վիրաբույժն էլ են հարցաքննվել: Այնպես որ, որեւէ կողմնակալ վերաբերմունք այս պահին չենք նկատել»:

Նշենք, որ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ Մերի Մարգարյանի բժշկական վկայականի կտրոնի` անմիջականորեն մահվան ախտաբանական վիճակը եղել է բազմաօրգանային անբավարարությունը, իսկ ախտաբանական վիճակը, որը բերել է նշված պատճառի առաջացմանը, եղել է երկկողմանի թոքաբորբ, ծանր կոագուլապաթիա, հեպատո-սպլենոմեգալիա ախտորոշումը:

Ի դեպ, «Շենգավիթ» ԲԿ-ից Մերի Մարգարյանի մահվան մի քանի օր անց հայտարարել էին, որ Մերի Մարգարյանի մոտ երկկողմանի թոքաբորբ չէր հայտնաբերվել:

Նույն շարքից