Եվրոպական կրթություն Եվրասիական Հայաստանում թեմայով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում հրավիրված քննարկման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն անդրադարձան Բոլոնիայի գործընթացին:
«Միասնական Եվրոպան կարիք ունի միասնական մտածելակերպ ունեցող քաղաքացիների տարածք ստեղծելու: Բոլոնիայի գործընթացը միասնական կրթական ինստիտուցիա է, որը Եվրամիության ամրապնդման գործիք է եղել՝ թելադրված ԵՄ քաղաքական և տնտեսական շահերով: Բոլոնիայի գործընթացն ունեցել է նաև քաղաքակրթական բաղադրիչ: Սակայն Բոլոնիայի գործընթացն այլևս Եվրամիության սեփականությունը չէ, այն այլևս համաեվրոպական պրոյեկտ է: Եվրոպական տարածքում չկա որևէ նման հաջողած պրոյեկտ»,- իր խոսքում ասաց նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը նշեց, որ Հայաստանն էլ 2005 թվականից միանալով Բոլոնիայի գործընթացին, փորձում էր իր շահերն առաջ քաշել: «Այսօր էլ վերլուծելով անդամության տասը տարիները, մենք պետք է նկատենք նվաճումները. Հայաստանը կարողացավ Բոլոնիայի գործընթացի բոլոր կառուցվածքային փուլերի մաս կազմել»,– ասաց նախարարը՝ շարունակելով, որ առկա նվաճումներով և խնդիրներով հանդերձ Հայաստանը 2012 թվականին հանդգնեց ստանձնել քարտուղարությունը։
«Սա հրաշալի հնարավորություն էր ուղիղ կապ հաստատել եվրոպական կրթական ինստիտուտների հետ: Մենք նպատակ ունեինք և հաջողեցինք լինել ուշադրության կենտրոնում և Հայաստանում լինել ավելի պրոակտիվ եվրոպական նախագծերում: Հայաստանը դարձավ ընդգծված առաջատարներից մեկը եվրոպական կրթության ընտանիքում»,- խոսելով Բոլոնիայի գործընթացում Հայաստանի ձեռքբերումների մասին՝ ասաց Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով եվրասիական սահմանագծին, նախարարնը նշեց, որ Բոլոնիայի գործընթացն արդեն ԵՄ մենաշնորհը չէ, քանի որ Եվրասիական միության անդամ երկրներից չորսը Բոլոնիայի գործընթացի անդամ են:
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն էլ ասաց, թե որպեսզի հասնենք եվրոպական բարձրագույն կրթությանը, նախ պետք է ամեն ինչ սկսենք հանրակրթությունից:
«Առաջին մարտահրավերը, որ ծառացած է ՀՀ կրթական համակարգում, այս ոլորտի պաշտոնների ապաքաղաքականացումն է: Շան գլուխը հենց այստեղ է թաղված: Կրթության և գիտության նախարարի պաշտոնը չպետք է քաղաքականացված լինի»,- ասաց Անահիտ Բախշյանը: