Երեւանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան 46 շենքի բնակիչ Վազգեն Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, քանի որ նա պայքարում է այդ շենքի բակում «կանգնող» մարմնավաճառների դեմ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Վազգեն Կարապետյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Նրա խոսքով, իր պաշտպանյալն արդեն մի քանի տարի է՝ իր հարեւանների հետ պայքարում է իրենց շենքի բակում գործող «Փոքր Մայամի» հյուրանոցում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց դեմ:
Ստեփան Ոսկանյանի խոսքով՝ հենց մարմնավաճառների դեմ պայքարն էլ Վազգեն Կարապետյանի կալանքի պատճառ է եղել: Վազգեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այս տարվա փետրվարին: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա ավազակային հարձակում է գործել «Փոքր Մայամի»-ի մարմնավաճառների հետ սերտ կապի մեջ գտնվող Իգոր Կովոլյովի վրա եւ գումար շորթել: Մինչդեռ փաստաբանը համոզված է, որ Կովոլյովը սուտ մատնություն է տվել:
Փաստաբանը հայտնեց, որ այս գործով որեւէ ապացույց ձեռք չի բերվել եւ նախաքննական մարմինը նյութերն արդեն ուղարկել է դատախազություն: