Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Նովայա Գազետա»-ին իր տված հարցազրույցում նշել է, որ մինչեւ 2008 թվականի պատերազմի սկսվելը, ինքը փորձել է համաձայնության գալ Ռուսաստանի հետ:
«Ես արել եմ ամեն ինչ, որպեսզի պատերազմ չլիներ: Վրաստանը Հարավային Օսիայի պատճառով պատերազմի մեջ չէր մտնի: Հանուն Աբխազիայի` հասկանում եմ, հնարավոր է: Բայց Հարավային Օսիան կազմված է շախմատաձեւ դասավորված վրացական և օսական գյուղերից` քառասուն հազար մարդ, լեռներ, մենք ստիպված եղանք հակազդել միմիայն մի պատճառով. թունելն անցնելով` ռուսական բանակը կհայտնվեր հարթավայրում եւ կկարողանար գնալ, ուր ուզենար: Սադրանքի նպատակն Օսիան չէր, ոչ էլ նրա բնակչության պաշտպանությունը. Չե՞ ք նկատել, որ ռուսական բանակը միշտ ինչ-որ մեկին պաշտպանելու համար է մտնում: Նպատակը հենց Վրաստանն էր, որպես այդպիսին, եւ որ մյուսներին խրատ լինի: Պետք էր ցույց տալ, թե ինչ է պատահում նրանց, ով ցանկանում է ինքնուրույն զարգանալ»,- պատմել է Սահակաշվիլին:
Սաակաշվիլին նաև հերքել է իր հանդեպ Պուտինի անձնական ատելության մասին ենթադրությունը.
«Նա իմ հանդեպ ոչ մի անձնական ատելություն չունի: Նա վաղուց էր նախատեսել պատժել Վրաստանին: Եթե նկատել եք, նա երբեք հանպատրաստից արձագանքներ չի ունենում, դա նրա ոճը չէ: Եվ Ղրիմին էլ նա վաղուց էր որոշել տիրանալ, ես հավատում եմ այն վկայություններին, թե այդ պլանը վաղուց էր մշակվել: Պետք չէ կրկնել այն հիմարությունը, իբր, եթե մայդանը չլիներ, Ղրիմն ուկրաինական կլիներ… Յանուկովիչը ոչ մի հանգամանքում, ոչ մի ճնշման եւ շանտաժի արդյունքում չէր հաղթի ընտրություններում: Նշանակում է` ուրիշները կընտրվեին, որոնց արագ կարգով «բանդերականներ» կհայտարարեին ու հենց նույն կերպով կպոկեին Ղրիմը: Ես լինեի Վրաստանի ղեկավարը, թե չէ, սցենարը նույնն էր լինելու: Իսկ անձամբ իմ հանդեպ նա ոչինչ էլ չի զգում, ընդհանրապես անձերով քիչ է հետաքրքրվում: Պրագմատիկներն էդպիսին են»,-ասել է Սահակաշվիլին: