Համացանցում տարածված տեսաժապավենում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել են սատանա:
Նրանց խոսքերով՝ Էրդողանը դավաճանել ու վաճառել է հայրենիքը Միացյալ նահանգներին ու ապստամբ քրդերին:
Տեսաժապավենում երեւում են երեք գրոհային, որոնք թուրքերին ապստամբության կոչ են անում ու հորդորում սատարել ԻՊ խմբավորմանը, իսկ նրանցից մեկը նույնիսկ սպառնում է զավթել Ստամբուլը:
Հիշեցնենք, որ Սուրուչ սահմանային քաղաքի ահաբեկչությունից հետո Թուրքիան որոշում ընդունեց ռազմական օպերացիա սկսել ու ավիահարվածներ հասցնել ԻՊ դիրքերին: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Միաժամանակ երկրի իշխանությունները ամերիկյան ինքնաթիռներին տրամադրեցին Ինջիրլիկ ռազմաբազան:
Թուրքական օդուժը հարվածներ սկսեց Սիրիայում, սակայն, զավեշտալին այն է, որ հիմնական ռմբակոծությունները բաժին ընկան քրդերի ամրացված ճամբարներին, ինչից հետո Քրդական աշխատավորական կուսակցությունը ստիպված էր չեղյալ հայտարարել հրադադարը: