Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Խոշոր բիզնեսը գտնվում է հիմնականում երեք ոլորտում՝ ալկոհոլ, հեռահաղորդակցություն, հանքարդունաբերություն. Գագիկ Մակարյան

analitik.am

Օգոստոսից սկսած կառավարությունը ամսական 24 միլիոն դրամ է վճարելու օգոստոսի 1-ից թանկացած էլեկտրաէներգիայի սուբսիդավորման համար և մինչև ՀԷՑ-ում անցկացվող աուդիտի ավարտը կվճարի առնվազն 75 մլն դրամ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյան՝ ընդգծելով, որ պարզ է, թե ինչ կլինի երկու-երեք ամիս հետո՝ կընտրվի 50-60 հազ. ընտանիք և միայն նրանց համար սուբսիդիա կտրամադրվի:

«Հիմնականում պարզ է, թե ինչ է սպասվում աուդիտի ավարտից հետո, քանի որ մեզ մոտ էներգակիրների հետ կապված խնդիրները ունեն ինստիտուցիոնալ պրոբլեմներ: Գազի թանկացումը եղավ մի տարի առաջ ու դեռ պարզված չէ, թե ինչու է սահմանին մի գին, սպառողին տրվում է մեկ այլ գնով: Նույն խնդիրն է նաև էլեկտրաէներգիայի հետ կապված: Կարծում եմ, որ Էներգետիկայի նախարարությունը պետք է ավելի ճիշտ օգտագործի իր լծակները, եթե կարիք կա փոխի իր կանոնադրությունը և ուժեղավցնի»,- ասաց նա:

Անդրադառնալով կառավարության հայտարարությանը՝ թանկացման տարբերությունը խոշոր բիզնեսի համար չի սուբսիդավորվի, իսկ ՓՄՁ-ինը՝ կքննարկվի, Գագիկ Մակարյանն ասաց, որ իրականում ՓՄՁ-ն ավելի ծանր վիճակում է հայտնվել, որովհետև եթե կառավարությունը հաշվարկել է, որ յուրաքանչյուր ընտանիք ամսական միջինը ծախսում է 250 կմ/ժ, ապա նույնչափ էլեկտրաէներգիա միայն միկրոբիզնեսը կարող է օգտագործել և ՓՄՁ-ների աշխատանքի համար ավելի շատ գումար է հարկավոր հատկացնել:

«Խոշոր բիզնեսը գտնվում է հիմնականում երեք ոլորտում՝ ալկոհոլ, հեռահաղորդակցություն, հանքարդունաբերություն: Ալկոհոլը մի փոքր կարող է գինը բարձրացնել, բայց շատ չի կարող, որովհետև պետք է արտահանվի: Հանքարդյունաբերությունը ևս գինը չի կարող փոխել, որովհետև իր շուկայում գները կայուն են, նշանակում է իր եկամուտների հաշվին պետք է աշխատի: Հեռահաղորդակցությունը պետք է փորձի ճկուն ծառայություններ մատուցել ու իր եկամուտների հաշվին աշխատել: Մյուսները հիմնականում իրենց եկամուտները չեն կրճատի, նրանք ստվերը կմեծացնեն ու հարցը կլուծեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հիմնական մասը կօգտագործի իր տանիքն ու կապերը՝ ստվերը մեծացնելու համար:

Գագիկ Մակարյանն ասաց, որ էլէներգիայի թանկացման հետևանքով տարեկան յուրաքանչյուր ընտանիքի եկամտաբերությունը կկրճատվի 100 հազ. դրամով, ինչը նշանակում է, որ նույնքանով ընկնելու է նաև քաղաքացու գնողունակությունը, ինչը, ըստ նրա, փոքր թիվ չէ:

 

 

Նույն շարքից