ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց ՀԱԿ խմբակցության և գազի հարցով ձևավորված հանձնաժողովի կողմից գլխավոր դատախազին ուղարկված նամակի պատասխանը, որտեղ նախ ներկայացվել են խախտումների մասին ուսումնասիրությունները և հարց ուղղվել, թե ինչու քրեական գործ չի հարուցվել: Մանուկյանն ընթերցեց դատախազի նամակի վերջին մասը ըստ որի՝ քրեական վարույթ սկսելու անհրաժեշտություն չկա:
«Գազամատակարարման վերաբերյալ եզրակացության առկա տվյալները ոչ թե հանցագործության, այլ գազի սակագնի փոփոխումը տնտեսապես հիմնավորված չլինելու վերաբերյալ տվյալներ են պարունակում, այլ կերպ, այդ համակարգի գործունեության վերաբերյալ եզրակացության առկա տվյալները չեն կարող դիտվել որպես հանցագործություն և քրեական վարույթ սկսելու անհրաժեշտություն չկա»,- ընթերցեց պատգամավորը:
Մանուկյանը նշեց, թե իրենց համար պատասխանն, իհարկե, սպասելի էր: «Մենք չէինք սպասում, որ դատախազը ձեռքերը քշտած պետք է քրեական գործ հարուցի և «Գազպրոմ Արմենիայի» և ՀՀ Էներգետիկայի նախարարության դեմ, և բնականաբար սպասելի էր այս պատասխանը, որ ՀՀ իշխանությունները ամբողջապես համաձայն են կամ այլ կերպ չեն էլ կարող վարվել «Գազպրոմ Արմենիայի» իրականցված խախտումների հետ»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը շարունակեց, թե մինչ այս երբ հարցնում էին, թե սահմանին գազի գինը 189 դոլարից իջել է 165 դոլարի, պաշտոնապես չէին պատասխանում, մինչդեռ երկու օր առաջ հայտարարվել է, որ դարձել է 165 դոլար: Ըստ նրա՝ օրենքով պարտադիր պետք է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էժանացնի գազի գինը:
«Գազի գին կազմող բաղադրիչներից եթե որևէ մեկը ավելանում կամ պակասում է, պարտադիր վերջնական գինը պետք է փոխվի: Հիմա սակագինը փոխվել է, և Նազարյանը պարտավոր է 165 դոլար ֆիքսել որպես բազային գին, որից հետո փոփոխություններ կատարել»,-ասաց նա:
Ըստ նրա, սա քաղաքական աշխատանքի արդյունք չէ, այլ Ռուսաստանն աշխարհում իր գազի գինը մինչև 40% իջեցրել է: «Այնպես որ բլեֆ է կեղծարարություն, թե գազի գինը մնում է նույնը»,-ասաց նա:
ՀԷՑ-ի հետ կապված հաջորդ խնդիրը, ըստ նրա, այն հայտարարությունն էր, թե օգոստոսի 1-ից աուդիտ պետք է անեն, բայց էլէներգիայի շատ սպառողների համար գազի գինը չի փոխվելու, բարձր է մնալու:
«Սա սովորական ժուլիկություն է: Աուդիտը հիմնավորելու համար է, թե ինչու է թանկացել, բայց եթե ստուգումների ես գնում, ինչու է թանկացել, ապա ի՞նչ է նշանակում, որ բնակչության համար ստուգում եմ անում, արդյունաբերության համար չեմ ստուգում, սա խաբեություն է: Մենք տեղեկություն ունենք, որ իշխանությունը փորձել է որոշ մաֆիոզների սուբսիդավորել, բայց չի ստացվել, և կեսն են արել, մտածելով որ արդյունաբերողները ձեն չեն հանի»,-ասաց նա: