«Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից Հայաստանի տարածքում 1106 քաղաքացիների շրջանում իրականացած հարցման արդյունքները վկայում են, որ հարցման ենթարկվածների 95%-ն ընդունելի է համարում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները, մասնավորապես` Ազատության հրապարակի նստացույցը, այնուհետև Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը:
«Արմենպրես», -ի փոխանցմամբ` միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով իրենց հարցման արդյունքները` նշեց, որ հարցվածների 73%-ը լիովին դրական, իսկ 22%-ն էլ ավելի շուտ դրական է համարել ցուցարարների քայլը:
Չնայած հանգամանքին, որ ցույցի մասին տեղյակ է եղել և էլեկտրաէներգիայի գնի թանկացման իրադարձություններին հետևել է հարցմանը մասնակցածների 95%-ը, «Դուք անձամբ մասնակցում եք ցույցերին» հարցին դրական պատասխան է տվել հարցվածների 15%-ը: Բողոքի ակցիային մասնակցածների 75%-ը նշել է, որ Բաղրամյան պողոտայում է մասնակցել ցույցին, 24%-ը` Ազատության հրապարակում, «ես իմ բողոքը ներկայացրել են ինտերնետի` Ֆեյսբուքի միջոցով»` ասել է 7%-ը, 11%-ն էլ նշել է, որ ցույցին մասնակցել է Գյումրիում:
Պատասխանելով հունիսի 22-ի լույս 23-ի իրադարձություններին, մասնավորապես, ոստիկանության կողմից ջրցան մեքենաներով ցուցարարներին ցրելու դեպքին վերաբերող հարցին` հարցվողների ճնշող մեծամասնությունը նշել է, որ բացասական է վերաբերում այդ փաստին:
Հունիսի 27-ին Հանրապետության նախագահի կողմից արված հայտարարությանը, ըստ որի, պետք է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում անցկացվի աուդիտ, որին ցանկալի է մասնակցեն նաև ցուցարարները, դրական է վերաբերվել հարցվածների 44%-ը, 7-ը` միանշանակ դրական, 37-ը` ավելի շուտ դրական: Նույնքան տոկոսն էլ բացասական, 30-ը` ավելի շուտ բացասական, 14%-ը` ընդհանրապես բացասական: 12% էլ դժվարացել է պատասխանել:
Հարցին, թե «Ձեր կարծիքով` բողոքի նման ակցիան, օրինակ, Բաղրամյան պողոտայի փակումը, որ դեպքերի համար է ընդունելի», պատասխանել են` սոցիալական խնդիրների լուծման համար 92%–ը, քաղաքական հարցեր բարձրացնելու համար` 28%–ը (հարցվողներն ունեցել են մեկից ավելի պաստախան տալու հնարավորություն):
ՀԷՑ-ի արդյունավետ գործունեության և կառավարման համար հարցվողների 70%–ը որպես լուծում նշել է ընկերության ազգայնացումը, 12%–ն ասել է` «ՀԷՑ-ը պետք է վաճառվի այլ ընկերության», 11%–ն էլ` «Պետք է ՀԷՑ-ը թողնել Ինտեր ՌԱՈ-ին` պարտադրելով փոխել ղեկավարներին` բարձրացնելով կառավարման արդյունավետությունը», 8%–ն ասել է, որ դժվարանում է պատասխանել նշված հարցին: