Հայաստան Քաղաքական 

Ընդդիմությունը միավորվում է ցանկացած հարցի շուրջ, եթե դա ուղղված է իշխանությունների դեմ. Խոսրով Հարությունյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը հայտնեց, որ Խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու նախաձեռնությունը պատկանում է ընդդիմությանը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը միշտ համարել է ներկայիս իշխանությունից ազատվելու միակ միջոցը հենց այս համակարգն է։

«Ակնհայտ է, որ ընդդիմությունը 2012թ-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին փաստում էր, որ կա քաղաքական մոնոպոլիա, ինչը ես բացառում եմ, և այդ մոնոպոլիան պատկանում է ՀՀԿ-ին ու դրանից ազատվելու միակ միջոցը սահմանադրական նոր բարեփոխումներն են՝ կառավարման համակարգի ու ընտրական համակարգի փոփոխմամբ»,– ասաց նա։

«Հիմա սահմանադրական հանձնաժողովը բերել է մի առաջարկ, եթե դուք ազնիվ էիք, մտահոգ էիք, ապա դուք կա՛մ հայեցակարգի մշակման ժամանակ պետք է ներկայացնեիք առաջարկներ, կա՛մ այս փուլում մասնակցեք քննարկումների։ Եթե դուք դա չեք անում, մնացածը պարապ զրույց է»,-ասաց նա՝ դիմելով ընդդիմությանը։

«Ընդդիմությունը միավորվում է ցանկացած հարցի շուրջ, եթե դա ուղղված է իշխանությունների դեմ։ Կապ չունի դա վերաբերում է Սահմանադրությանը, էլեկտրաէներգիայի թանկացմանը, թե մեկ այլ հարցի»,-ասաց նա։

Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ թեև Սահմանադրության նախագծի մեջ կառավարման համակարգի հարցը ամենակարևորն է, բայց կան ևս բազմաթիվ կարևոր հարցեր, որոնք չպետք է անուշադրության մատնվեն։

«Իրականում, այս նախագիծը 2005-ի Սահմանադրոթյունից որակապես տարբերվում է՝ նաև իրավական ձևակերպումներով։ Մեր կուսակցությունը ներկայացել է շուրջ 30 առաջարկներ տարբեր խնդիրների հետ կապված։ Բայց պետք է նշել, որ անգամ ներկայիս տեքստով նախագիծն ընդունվի, կարդարացնի իրեն»,-ասաց նա։

Նույն շարքից