Հասարակություն Տնտեսություն 

Գործազրկության մակարդակով Հայաստանը միանձնյա առաջատար է

analitik.am

Գործազրկության մակարդակով հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատարը Հայաստանն է:Սա են վկայում ՄԱԿ-ի կազմում գործող Աշխատանքի միջազգային կազմակերպության երեքշաբթի օրը հրապարակած զեկույցի տվյալները: 

Կազմակերպության պաշտոնական կայքում Համաշխարհային աշխատանքային շուկայում այս տարի սպասվող զարգացումներին նվիրված ծավալուն հետազոտությանը կից ներկայացված աղյուսակը տեղեկացնում է, որ 2013-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18․6 տոկոս: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում գործազրկության մակարդակը 2013-ին կազմել է 14․3, իսկ Ադրբեջանում՝ ընդամենը 5․5 տոկոս: Ադրբեջանի հետ մոտավորապես նույն մակարդակի վրա է նաև գործազրկությունը Ռուսաստանի Դաշնությունում` մոտ 6 տոկոս: Բելառուսում գործազուրկները տնտեսապես ակտիվ բնակչության 5.9 տոկոսն են կազմում, իսկ 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամից մեծապես տուժած Ուկրաինայում գործազրկության մակարդակը մոտ 8 տոկոս է:

ՄԱԿ-ի մասնագետների պնդմամբ՝ գոնե ֆորմալ վիճակագրության առումով Հայաստանն իր ցուցանիշներով ավելի մոտ է տնտեսական բավական բարդ վիճակում գտնվող Բալկաններին, բայց ոչ հետխորհրդային տարածքի պետություններին:

«Որպես կանոն, Հարավային և Հարավարևելյան Եվրոպայում գործազրկության ծավալները շատ ավելի բարձր են, քան ԱՊՀ-ում: Միակ բացառությունը Հայաստանն է: Իրականում, սակայն, երկու տարածաշրջանների միջև տարբերությունն այնքան մեծ չէ, քանի որ Արևելյան Եվրոպայում մի շարք պետություններում որպես գործազուրկ են հաշվառված մարդիկ, որոնք իրականում աշխատանք ունեն», - նշում են զեկույցի հեղինակները՝ չշրջանցելով «թաքնված զբաղվածության» երևույթը:

Նույն շարքից