Հասարակություն 

Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

analitik.am
Երգահան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգի նշանավոր վարպետ Առնո Բաբաջանյանը (1921 թ. հունվարի 22-1983 թ. նոյեմբերի 11) 1929 թ. ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947 թ. ավարտել է նույն կոնսերվատորիայի ստեղծագործական, 1948 թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946–1948 թթ. միաժամանակ կատարելագործվել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950–1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:
 

Որպես դաշնակահար` աչքի է ընկել հատկապես իր ստեղծագործությունների կատարմամբ: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում: Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում: 

Բաբաջանյանի ինքնատիպ ոճը դրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում: Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի: Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուրն» երկերը: Նորարարական առանձնահատկություններով են օժտված «Պոլիֆոնիկ սոնատը», հատկապես` «Վեց պատկերը»: 
 
Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում: Գրել է նաև երաժշտություն թատրոնի («Իմ սիրտը լեռներում է») և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները» (1955թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ., համահեղինակ՝ Ղազարոս Սարյան), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Երջանկության մեխանիկան» (1982թ.) և այլն: 1991թ. Մոսկվայում, իսկ 1996թ. Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները:
 
Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003թ. կանգնեցվել է հուշարձանը:

Նույն շարքից