Հասարակություն 

Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 91 տարեկան

analitik.am
Դերասան և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը XX դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է. բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ:
 

Կարպ (իսկական անունը` Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին: 1928թ. նրա ընտանիքը  տեղափոխվել է Թիֆլիս: 1944թ. ավարտել է Վրացֆիլմին կից կինոդերասանական ստուդիան: Նույն թվականին նրան հրավիրել են Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը:

1984–1988 թթ. Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:
 
Խաչվանքյանի առաջին դերը Բոնին էր (Իմրե Կալմանի «Սիլվա» օպերետում), ապա խաղացել է Տոնինոյի և Ձանետտոյի (Կառլո Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»), Ալդեմարոյի (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Մակ Հիտի
(Բերտոլդ Բրեխտի «Երեքգրոշանոց օպերան»), Սուրենի (Արամաշոտ Պապայանի «Մեծ հարսանիք»), Կնյազի (Ժիրայր Անանյանի «Տաքսի, տաքսի»), Պետրուչչոյի (Վիլյամ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը») և այլ դերեր:
 
Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» և այլ կատակերգություններ: Նկարահանվել է նաև կինոյում («Արարատյան դաշտի աղջիկը», 1949թ., «Պատվի համար», 1956թ., «Ճանապարհ դեպի կրկես», 1963թ., «Ատամնաբույժն արևելյան», 1981թ.):
 
Պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1998թ.):

Նույն շարքից