Հասարակություն 

Առաջին տեղում է Երևանի պետական համալսարանը, որին հետևում են Մանկավարժական և Ճարտարապետական համալսարանները

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն այսօր` հունվարի 23-ին, ներկայացրել է բուհերի վարկանիշավորման ազգային համակարգը, որում առկա են պետական և ոչ պետական բուհերն ու մասնաճյուղերը: Շնորհանդեսին ներկա էին ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը, ռեկտորներ, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ:
«Մեր նպատակն է ուսանողներին, դասախոսներին, ծնողներին և գործատուներին արժանահավատ տեղեկատվություն տալ հայկական բուհերի մասին: Վարկանիշավորման վրա ազդել է սոցիոլոգիական հարցումները, որոնք արվել են մեծ մասամբ գործատուների շրջանում»,- ասաց ԿԳՆ նախարարը` ընդգծելով, որ սա փորձնական ծրագիր է:
Սոցիոլոգիական հարցումների համար ընտրվել է երեք թիրախային խումբ` ուսանողներ, դասախոսներ և գործատուներ:
«Հարցումներից պարզ դարձավ, որ գործատուներն օրինակ գերադասում են ԵՊՀ-ն, իսկ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին թերահավատորեն են մոտենում, սակայն գործի են ընդունում»,- ասաց սոցիոլոգը` ամփոփելով հարցման արդյունքները:
Հայկական բոլոր համալսարանները բաժանված են 9 հիմնական խմբերի. «Առաջին տեղում է Երևանի պետական համալսարանը, որին հետևում են Մանկավարժական և Ճարտարապետական համալսարանները»:
Վարկանիշավորման ազգային համակարգի տվյալներն արդեն վաղն առավոտյան հասանելի կլինեն համացանցում: Սկզբնական շրջանում կայքի աշխատանքները համակարգելու է նախարարությունը, սակայն Արմեն Աշոտյանը նշեց, որ մեկ-երկու տարի անց այն կփոխանցեն ոչ պետական մի կազմակերպության:

Նույն շարքից