Հասարակություն 

2013 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 2824 պատահար, որոնց ընթացքում 3994 մարդ մարմնական վնասվածք է ստացել, և 316 մարդ զոհվել է

2013 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 2824 պատահար, որոնց ընթացքում 3994 մարդ մարմնական վնասվածք է ստացել, և 316 մարդ զոհվել է, այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպման ներկայացրեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 2014 թվականի ընթացքում 142 ՃՏՊ է տեղի ունեցել, որի ընթացքում գրանցվել է 14 զոհ, 217 վիրավոր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6 զոհով պակաս է։

Ամփոփելով 2013 թվականի վիճակագրությունը՝ Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախորդ 5 տարիների ընթացքում այնպիսի համակարգային փոփոխություններ են տեղի ունեցել համակարգում, որոնք չէին կարող չանդրադառնալ ՃՈ ոլորտում վթարայնության կանխարգելմանը:

Համեմատական անցկացնելով նախորդ տասը տարիների միջև, Նորիկ Սարգսյանն ասաց, որ վթարայնության տեսանկյունից ամենաանբարենպաստ տարին 2008 թվականն է եղել: Այդ տարի 407 մարդ է զոհվել: 

«Դա է պատճառը, որ 2009թ Կառավարությունն ընդունեց մի ծրագիր, և պլան դրվեց ճանապարհային ոստիկանության բնագավառում 5 տարիների ընթացքում 10 տոկոսով նվազեցնել վթարների և զոհերի թիվը»,- ասաց Նորիկ Սարգսյանը:

Նորիկ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ 2012 թվականի համեմատ 2013 թվականի ընթացքում պատահարների քանակը աճել է 222-ով, զոհերի թիվը՝ 5-ով, վիրավորներինը՝ 255-ով:

«Պատահարների վիճակագրությունը ցույց է տվել, որ դրանց 25 տոկոսը արագության գերազանցման, վազանցի դեպքերում են լինում, մոտ 7-8 տոկոսը՝ ոչ սթափ վիճակում»,-ասաց նա։

Նորիկ Սարգսյանի խոսքով՝ 2014 թվականին ՃՈ պլանավորված աշխատանքների մեջ հատուկ տեղ է հատկացվելու երեխաների հետ տարվող աշխատանքներին: Մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ 303 պատահար է գրանցվել, որոնց հետևանքով եղել է 20 զոհ, 345 մարդ էլ մարմնական վնասվածք են ստացել: 

Նորիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ վերջին 5 տարիների ընթացքում ճանապարհատրանսպորտային փոխադրամիջոցների թիվը կրկնապատկվել է՝ մոտ 150 000 տրանսպորտային միջոց է թարմացվել և ներմուծվել:

ՃՈ ՃՊԾ բաժնի պետի փոխանցմամբ՝ տոկոսային հարաբերությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներով ամենաշատն աչքի է ընկել Տավուշի մարզը, հաջորդ տեղում Գեղարքունիքի մարզն է: Իսկ Երևանում զոհերի թվի նվազում կա, ինչը, ըստ Նորիկ Սարգսյանի՝ պայմանավորված է արագաչափ սարքերի առկայության փաստով:

Նույն շարքից