Թաիլանդում այս աշունն ու ձմեռն ամենացուրտն են եղել վերջին տարիների ընթացքում։ Աննախադեպ ցրտերի պատճառով երկրի 27 նահանգներում մահացել է 63 մարդ։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, հոկտեմբերի 22-ից առ այսօր զոհվածների մեծամասնությունը տղամարդիկ են։ Մեծամասնության դեպքում մահվան պատճառ են դարձել մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունները։
Օդերևութաբանները նկատում են, որ հյուսիսային և հյուսիս-արևելյան նահանգներում գիշերային ժամերին ջերմաստիճանը նվազում է մինչև +4 աստիճան։
Անսովոր ցրտեր են նաև թագավորության կենտրոնական հատվածներում։ Բանգկոկում այսօր առավոտյան ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել՝ +15,6 C°։ Նման ցածր ջերմաստիճան Թաիլանդի մայրաքաղաքում չէր գրանցվել վերջին 30 տարվա ընթացքում։
Արևադարձային Թաիլանդի բնակիչները, հատկապես առավոտյան ժամերին, տաք բաճկոններ և գլխարկներ են կրում։