Հասարակություն Մշակույթ 

Նոր մուլտֆիլմ մեր փոքրիկների համար

analitik.am

«Նարեկացի» արվեստի միության շնորհիվ հայ փոքրիկների համար նոր մուլտֆիլմ է ստեղծվել՝ Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հիման վրա: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը HY Pictures ընկերության գործադիր պրոդյուսեր, «Նարեկացի» արվեստի միության ֆիլմերի պատասխանատու Արևիկ Ավանեսյանը նշեց, որ այս նախագիծն ամբողջությամբ «Նարեկացի» արվեստի միությանն էր, որ ինքն է հենց գլխավորել, քանի որ ունի որոշակի փորձ: 

«Շատ դժվար է Հայաստանում կինոյի ոլորտում քայլեր անել. չկան ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ: Փորձում ենք ամեն մեկս մեր հնարավորությունների սահմաններում քայլեր ձեռնարկել: Անիմացիոն ոլորտը ամենաթանկարժեքն է»,- ասաց նա: 

Մտահղացումը ծագել է սփյուռքահայ մի աղջկա շնորհիվ, ով իբրև կամավոր եկել է Հայաստան, համագործակցել «Նարեկացի» արվեստի միության հետ: Նա ցանկացել է մեկնել Շուշի, այնտեղ տեսել է թղթից գեղեցիկ պատկերներ ստեղծող մանուկների, որոշել փոքրիկ տեսահոլովակ անել, որը կոչվել է «Գիրք մանկան»: Հենց դա էլ ավելի մեծ նախագծի միտք է տվել: 

«Որոշեցի, որ ավելի լուրջ աշխատանք է պետք անել: Թումանյական տարում մի շարք միջոցառումներ նախաձեռնեցինք, քննարկումներից հետո ընտրեցինք «Ծիտը», որ շատ վառ ու դինամիկ կերպար է: Առաջին երկու ամիսը աշխատել ենք սցենարի վրա, որոշել բոլոր անհրաժեշտ կերպարները, որոնք ծայրից ծայր երեխաներն են պատրաստել՝ 8-12 տարեկան: Մենք հետո ընտրել ենք այդ կերպարներից: Մոտ մեկ շաբաթով մեկնել եմ Շուշի, հետո լուսանկարել ենք այդ կերպարները: Ամեն կադրը լուսանկար է: Դրանք հետո հավաքվել են, դարձել շարժում: Երկու ամսից ավել մոնտաժման աշխատանքներ են կատարվել, ընտրել ենք հնչյունավորող մարդկանց»,- ասաց նա: 

Մուլտֆիլմի նկարահանման ամբողջ ընթացքը տևել է մոտ վեց ամիս: Մուլտֆիլմն առաջին անգամ ներկայացվել է «Ռեանիմանիա» փառատոնի փակմանը, պրեմիերան եղել է «Նարեկացի» արվեստի միությունում: Գլխավոր հերոսին հնչյունավորել է հնգամյա Ավետիսը: 

Փոքրիկ Ավետիս Իսկենյանը (ձայն, «Ծիտը» մուլտֆիլմի ծիտը) մեծ ոգևորությամբ պատմեց, որ մուլտֆիլմի համար ձայնագրվելիս եղել է մեծ ականջակալներով: «Ես էդ վախտ հինգ տարեկան էի: Ընտրվեցի այնպես, որովհետև շատ լավ հեքիաթ էի պատմել, ու ընտրվեցի առաջինը: Ես ձայնագրվել եմ կենտրոնում, այնտեղ շատ տելեվիզորներ կային, և մեզ էին ցույց տալիս: Ես այսպես մեծ նաուշնիկներ էի դրել և ձայնագրվում էի: Մի քանի նկար նկարվեցի: Շատ հեշտ էր, որ ձայնագրվում էի»,- ասաց նա: 

Հեքիաթը նա սիրել է, որովհետև «տարբեր լավ գույներով է սարքված», սակայն կարծում է, որ հեքիաթի հերոսը՝ Ծիտը, ճիշտ չէր անում, «որովհետև չի կարելի այդպես բան անել, երբ որ մի բան տալիս են, պետք է հետ չվերցնել»: 

Արդեն դպրոց հաճախող և առարկաներից ամենից շատ մաթեմատիկան սիրող Ավետիսը ցանկանում է բժիշկ դառնալ: Նա նաև ցանկություն ունի արդեն հեքիաթ գրել: «Կուզենամ, քանի որ դպրոց եմ գնում: Կկարողանամ: Օրինակ՝ Ծիտի մասին կգրեմ, որ ձայնագրվել եմ»,- ասաց նա: 

Մուլտֆիլմը միջազգային փառատոների ներկայացնելու ցանկությունը մեծ է, սակայն նախագծի հեղինակները բախվում են ֆինանսական խնդիրների, ուստի հորդորում են հեռուստաընկերություններին՝ գոնե սիմվոլիկ գումարով գնել ֆիլմը: Այս դեպքում գոնե կկարողանան թարգմանել, և ֆիլմը ավելի հասանելի կդառնա, գուցեև կարողանան փառատոների ներկայացնել:

Նույն շարքից