Հասարակություն 

Հայկական բանակի կարևորագույն ուղղություններից մեկը ռազմական կարողությունների ավելացումն է. Սեյրան Օհանյան

Օգոստոսի 21-ին «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ նախարարը նշեց, որ նման միջոցառումներում են երիտասարդները համատեղ պայմանավորվում, թե ինչպես են բոլոր ջանքերը կենտրոնացնելու Հայաստանի ապագան կերտելու համար. «Մեր ապագան երիտասարդների ձեռքում է: Ես խոսում եմ ամենամեծ երիտասարդական կազմակերպության անունից, որտեղ բոլորը երիտասարդ են եւ մեր ժողովրդի խաղաղ արարումն են ապահովում»:

Սեյրան Օհանյանը  վստահություն հայտնեց, որ այսօրվա երիտասարդ սերունդն ավելի գրագետ եւ բանիմաց կերպով է ապահովելու մեր զարգացումն ու ապագան, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ավելի անձնուրաց է իրականացնելու պաշտպանությունը։

Նախարարը խոսեց նաեւ բանակի առօրյայի մասին՝ նշելով, որ հայկական բանակի կարեւորագույն ուղղություններից մեկը ռազմական կարողությունների ավելացումն է։ Ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում օրըստօրե ձեռք ենք բերում ժամանակակից, համատեղելի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, որոնք ավելի ճշգրիտ են, հեռահար եւ ընդհանուր առմամբ անվտանգության համակարգի մեջ զսպման մեխանիզմների հիմք են կազմում։

Նախարարը խոսեց նաեւ ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նպատակ է դրվել, որպեսզի յուրաքանչյուր զինվոր, պատասխանատվությունց բացի, իմանա նաեւ իր իրավունքները. «Ի վերջո իրավունքների իմացության, արժանապատվության պահպանման համատեքստում ձեւավորվում են համապատասխան կարողություններ, որոնք ասպետական հատկանիշներ են։ Զինված ուժերում արժանապատվության բարձր հատկանիշների պահպանումը կարեւոր ուղղություն է։ Ես շատ դեպքերում հրամանատարներին հորդորում եմ, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն մարդու անձնական սեփականության ամենակարեւոր տարրին՝ արժանապատվությանը։ Ես միշտ ասում եմ մեր ենթանականերին՝ բանակում ոչ ոք, ինձնից սկսած, իրավունք չունի ոտնահարել ոչ մեկի՝ ամենավերջում կանգնած զինվորի արժանապատվությունը»։

Նույն շարքից