Առցանց առևտրի վերահսկողության ուժեղացման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության ընդունած օրենքի արդյունքում DHL, DPN, «Պոնի Էքսպրես», TNT, FedEx, UPS էքսպրես-առաքումների օպերատորները դադարեցրել են էքսպրես-բեռների առաքումը Ռուսաստանում մասնավոր անձանց: Այդպիսով՝ արտասահմանից ապրանքի պատվերը Ռուսաստանի հասարակ քաղաքացու համար դարձել է անհնար, գրում է «Московский Комсомолец»-ը:
«Էքսպրես-առաքման արդյունաբերության համար մեր հաճախորդներին տրամադրված ծառայությունը, որն իր մեջ ներառում է առաքման արագություն, որակ և հուսալիություն՝ տեղական օրենսդրությանը համաձայն, գործունեության զգալի մասնիկն է: Նոր կարգն անհնարին է դարձնում ասոցիացիայի անդամ ընկերությունների կողմից մեր հաճախորդներին նման մակարդակի ծառայության տրամադրումը»,- ասված է հաճախորդներին ուղղված Էքսպրես-փոխադրողների ասոցիացիայի նամակում:
FedEx-ը հունվարի 21-ից դադարեցրել է մասնավոր ծանրոցների ընդունումը Ռուսաստան:
DHL մամուլի ծառայությունից էլ Forbes-ին հայտնել են, որ առցանց խանութներից գնումների առաքումը մասնավոր անձանց կդադարեցվի հունվարի 27-ից: Ընկերության տվյալներով՝ այժմ արտասահմանյան առցանց խանութներից գնումների առաքումն անհնար է: