Հասարակություն 

Հայտնի են Grammy մրցանակաբաշխության հաղթողները

Լոս Անջելեսում (ԱՄՆ) հայտարարվել են Grammy երաժշտական մրցանակի հաղթողների անունները՝ 2013 թվականի արդյունքների համաձայն, հայտնում է BBC-ն:

 

Նախապես հայտարարվել էին տարբեր անվանակարգերում 82 հաղթողները, որոնց թվում էր, օրինակ, Ադելի Skyfall կատարումը` որպես վիզուալ մեդիայի համար գրված լավագույն երգ:

 

«Տարվա երգ» անվանակարգում հաղթել է 17-ամյա նորզելանդուհի Լորդը՝ իր Royals երգով։

 

Մրցանակաբաշխությանը 7 անվանակարգերում առաջադրված Macklemore&Ryan Lewis ռեփ դուետը ստացել է 4 Grammy, այդ թվում` «Լավագույն ռեփ ալբոմ», «Լավագույն ռեփ ստեղծագործություն», «Լավագույն նոր կատարող», «Տարվա ռեփ կատարում»:

 

«Տարվա լավագույն դուետ» անվանակարգում հաղթել է ֆրանսիական Daft Punk խումբը:

 

Փոլ Մաքարթնին հաղթել է «Լավագույն ռոք երգ» անվանակարգում` Cut Me Some Slack-ի համար: Լավագույն ռոք ալբոմի համար մրցանակ է շնորհվել Led Zeppelin-ին` Celebration Day կենդանի կատարման տեսագրության համար:

 

«Լավագույն R&B ալբոմ» է ճանաչվել Ալիշա Քիսի Girl on Fire-ը, փոփ ալբոմ` Բրունո Մարսի Unorthodox Jukebox-ը:

 

Տարվա լավագույն տեսահոլովակի համար մրցանակը բաժին է ընկել Ջասթին Թիմբերլեյքին և Jay Z-ին:

 

Jay Z-ին և կինը` Բեյոնսեն, երեկույթը բացել են համատեղ կատարումով: Առհասարակ աղբյուրը նշում է, որ այս Grammy-ն աչքի է ընկել վառ կատարումներով, այդ թվում` Քեթի Փերիի ու Մադոննայի, Փոլ Մաքարթնիի և Սթիվի Ուանդերի ու մի շարք կատարողների:

Նույն շարքից