Հասարակություն 

Մեր քաղաքացիները երբեմն արդարություն են պահանջում անօրինական մեթոդներով. Աշոտ Ահարոնյան

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր` օգոստոսի 22-ին,  բողոքի ակցիա է անցկացնում ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ` պահանջելով, որպեսզի ոստիկանության նախկին ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը գա եւ հրապարակային ներողություն խնդրի 67-ամյա Հակոբ Նազարյանից, որին երեկ «Ոտքի՛, Հայաստան»-ի ակցիայի ժամանակ ապտակել էր:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ակցիայի մասնակիցներին հորդորեց սպասել իրավական գնահատականին, եւ դեպքը չտեղափոխել բարոյական դաշտ:

«Մեր քաղաքացիները երբեմն արդարություն են պահանջում անօրինական մեթոդներով: Ակնհայտ է, մենք հարվածը տեսել ենք, մենք դատապարտում ենք: Օրենքով սահմանված  ընթացակարգեր կան, մենք երբեմն չենք համբերում, այդպես չի լինում՝ օրինականություն հաստատել օրենքը շրջանցելով»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

Աշոտ Ահարոնյանի խոսքով` ակցիայի մասնակիցների պահանջը կատարված է. ոչ իրավաչափ գործողություններ կատարած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են, նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ տեղեկացրեց, որ ոստիկանը ֆիզիկապես չի կարող ներկա գտնվել հավաքին, քանի որ վնասվածքներ ունի և բուժօգնություն է ստանում:

Նույն շարքից