Հասարակություն 

ՀՀ ֆուտբոլի թիմային ռեկորդները. armsport.am

armsport.am-ը սպորտային կայքը ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի ընդհանուր վիճակագրական տվյալներ: Այս անգամ, հրապարակվել են առ այսօր գրանցված թիմային ռեկորդները:

 

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունների ամենատիտղոսակիր թիմը «Փյունիկն» է: Մասնակցելով բարձրագույն խմբի 19 առաջնության, «Փյունիկը» 15 անգամ դարձել է մրցանակակիր` 13 անգամ հռչակվելով չեմպիոն, 2 անգամ արժանանալով արծաթե մեդալների: Միայն 1993, 1997, 1998 և 2012/13թթ. առաջնություններում են փյունիկցիները մնացել առանց մեդալների: 2001-2010թթ. փյունիկցիները 10 տարի անընդմեջ նվաճել են ՀՀ չեմպիոնի տիտղոսը, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է:

 

«Փյունիկը» նաև ամենաարդյունավետ թիմն է, որը ՀՀ առաջնություններում անցկացրած 534 հանդիպումներում 1365 գոլ է խփել: Միջին արդյունավետությամբ էլ (2,55 գոլ) լավագույնը “Փյունիկի” ցուցանիշն է:

 

Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Արարատին», որը 1992թ. առաջնության 34 հանդիպումներում 145 գնդակ է խփել: Այդ տարի արարատցիները նաև միջին արդյունավետության ռեկորդ սահմանեցին` մեկ խաղում միջինը խփելով 4,26 գոլ: «Արարատին» է պատկանում նաև մեկ մրցաշրջանի խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերության ռեկորդը` 122 (1992թ.):

 

Մեկ մրցաշրջանում սեփական դարպասը բոլորից քիչ գնդակ է ընդունել «Փյունիկը»: 1996/97թթ. առաջնության 21 հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը 7 գոլ են բաց թողել:

 

Ամենահուսալի պաշտպանությամբ աչքի է ընկել «Արարատը», որը 1993թ. առաջնության 28 խաղում բաց է թողել ընդամենը 9 գոլ կամ միջինը մեկ խաղում 0,32 գնդակ ՀՀ բարձրագույն խմբի բոլոր 22 առաջնությունների միակ անփոփոխ մասնակիցը «Շիրակն» է, որը բոլորից շատ` 580 խաղ է անցկացրել:

 

Բարձրագույն խմբում տարած հաղթանակների թվով (358) ռեկորդակիրը «Փյունիկն» է:

 

Մեկ մրցաշրջանում առավելագույն թվով հաղթանակներ է տոնել «Բանանցը», որը 1992թ. առաջնության 34 հանդիպումներից 28-ում պարտության է մատնել մրցակիցներին:

 

«Փյունիկը» 1995/96 և 2002թթ. առաջնություններում խաղերի 86 տոկոսն ավարտել է հաղթանակով (19 հաղթանակ 22 խաղում):

 

1994թ. «Շիրակը» վաստակել է հնարավոր միավորների 92,85 տոկոսը: Իսկ ահա «Շիրակ-2-ը» 1998թ. վաստակել է հնարավոր միավորների ընդամենը 1,6 տոկոսը (1 միավոր 20 խաղում):

 

Միայն 3 թիմի` «Արարատին» (1993թ., 28 խաղ), «Շիրակին» (1994թ., 28 խաղ, 1995թ., 10 խաղ) և «Փյունիկին» է (1995/96թթ., 22 խաղ, 1996/97թթ., 21 խաղ, 2003թ., 28 խաղ) հաջողվել առաջնությունն անցկացնել առանց պարտության:

 

«Փյունիկին» է պատկանում ամենահաջող մեկնարկի ռեկորդը` 14 անընդմեջ հաղթանակ Օսկար Լոպեսի գլխավորությամբ (2002թ.):

 

1992թ. «Շիրակը» մեկնարկային 8 խաղերում դարպասն անառիկ է պահել: Այդ տարի շիրակցիներն անցկացրած 33 խաղերից 21-ում գոլ բաց չեն թողել, ինչը ևս ռեկորդ է:

 

2004թ. «Փյունիկը» Վարդան Մինասյանի օրոք 16 անընդմեջ հաղթանակ է տոնել:
Մեկ մրցաշրջանում առավելագույն թվով խոշոր հաշվով հաղթանակներ է տոնել “Արարատը”` 20 (1992թ. 34 խաղում):

 

1993թ. «Բանանցը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ խոշոր հաշվով 6 անընդմեջ հաղթանակ է տոնել:

 

Մեկ մրցաշրջանում առավել հաճախ` 18-ական անգամ խոշոր հաշվով պարտվել են Ալավերդու «Դեբեդը» (1992թ. 34 խաղում) և «Գյումրին» (1999թ. 32 խաղում):

 

Մեկ այլ տխուր ռեկորդ է սահմանել «Կիլիկիան» 1992թ.` առաջնության ավարտական 8 խաղերում էլ պարտվելով խոշոր հաշվով` գնդակների 1:69 ընդհանուր տարբերությամբ:

 

ՀՀ առաջնությունների ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1992թ. հունիսի 11-ին «Հրազդանում» կայացած «Արարատ»-«Աղթամար» խաղում` 18:0: Ամենաարտասովոր հաշիվը գրանցվել է 1992թ. հուլիսի 26-ին Մարտունիում կայացած «Ալաշկերտ»-«Սյունիք» խաղում` 8:9:

 

1997թ. «Լոռին» մեկնարկից 17 խաղ անընդմեջ պարտվել է և միայն վերջին տուրում է անդրանիկ միավորը վաստակել: 2007թ. էլ «Կիլիկիան» վերջնագծում է 17 անընդմեջ պարտություն կրել:

 

1998թ. «Շիրակ-2-ը» մեկնարկային 10 խաղերում չի կարողացել գեթ մեկ գնդակ խփել:

 

1999թ. «Գյումրին» 32 հանդիպումներից 18-ում (խաղերի 56,2 տոկոսը) չի կարողացել գրավել մրցակիցների դարպասները: 2011թ. «Արարատն» անցկացրած հանդիպումների 57,1 տոկոսն (28 հանդիպումներից 16-ը) անցկացրել է առանց գոլ խփելու: 2012/13թթ. առաջնությունում էլ արարատցիները 42 հանդիպումներից 21-ում չեն գտել մրցակցի դարպասի բանալին:

Նույն շարքից