Հայաստան Քաղաքական գլխավոր 

Նոր Սահմանադրությամբ, վարչապետը լինելով թիվ մեկ դեմք, չունի ազդեցություն դատարանների վրա ու մի շարք այլ կառույցների վրա. Միքայել Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Սահմանադրության նախագծի հիմքում իշխանության վերարտադրության մտավախության խնդիր չի տեսնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ փետրվարի վերջին ՀՀ քաղաքական դաշտում իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել և կողք են կանգնել այն լիդերները, որոնք պետք է առաջնորդեին ընդդիմադիր ուժերին ու ժողովրդին։

«Չեմ ուզում ասել, որ քաղաքական դաշտը փոշիացավ, բայց եղավ իրավիճակի փոփոխություն»,-ասաց նա և ընդգծեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցի ընդդեմ Սահմանադրության նախագծի գործընթացին։

Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն օրերս պետք է քաղաքական որոշում կայացնի Սահմանադրության նկատմամբ իրենց դիրքորոշման վերաբերյալ, սակայն հստակ է, որ վերարտադրության համար ակնկալվող մեխանիմզը գոյություն չունի Սահմանադրության նախագծում։

 

«Մեզ համար ամենակարևոր խնդիրը որոշումներ կայացնելու մենաշնորհն է։ Այսօր կառավարությունը չի կարողանում իրականացնել գործադիր իշխանությանը բնորոշ իր գործառույթները, որովհետև կաշկանդված է նախագահի ինստիտուտից։ Իսկ նոր Սահմանադրությամբ, վարչապետը լինելով թիվ մեկ դեմք, չունի ազդեցություն դատարանների վրա ու մի շարք այլ կառույցների վրա»,-ասաց նա և հիշեցրեց, որ ԲՀԿ-ի 2012թ-ի նախընտրական ծրագրում ներառված է եղել, անցումը խորհրդարանական կառավարմանը։

Նույն շարքից