Հայաստան Քաղաքական 

Այս նախագիծը 90-95 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին. Աղվան Վարդանյան

«Սահմանադրության փոփոխության վերջին հրապարակված տարբերակում մեր բազմաթիվ էական, առաջնային առաջարկություններ ընդունվել են, թեև ունենք ևս երկու տասնյակ առաջարկություններ, որոնք կներկայացնենք առաջիկայում: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այս նախագիծը 90-95 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Նա ասաց, որ իրենք մշտապես կողմնակից են եղել և առաջարկել են անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, 100 տոկոս համամասնական համակարգի, ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ ընդդիմությունը կունենա ռեալ լծակներ ազդել իշխանության վրա՝ անկախ նրանից՝ ով է ընդդիմություն, ով իշխանություն:

«Այս երեք սկզբունքներն արտացոլված են ներկա տեքստում: Կարող ենք արձանագրել, որ որպես քաղաքական ուժ, որն իր պատկերացումն ունի երկրի մասին, մեր մոտեցումները հաղթանակել են՝ չլինելով իշխանության մեջ, խորհրդարանում ունենալով հինգ պատգամավոր: Այս Սահմանադրությամբ երկիրը գնալու է այն ուղղությամբ, որ մենք պատկերացնում ենք»,- ասաց Ա. Վարդանյանը:

ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ այս փուլում կարևորում են բովանդակային քննարկումները. «Այս փաստաթուղթը մեզ բավարարում է, ամեն ինչ անելու ենք որպեսզի արդեն հանրաքվեով մեր ժողովուրդն ընդունի նոր Սահմանադրությունը, և մենք գնանք բոլորովին նոր ուղղությամբ: Այս ուղղությունը մեր երկրում առկա պրոբլեմների հիմնական մասը լուծելու է կամ կստեղծի լուծման հիմքերը»:

Նույն շարքից