Հասարակություն 

Սերժ Թանկյանն ու «Օրրան»–ը տարեցների համար տաք սննդի ծրագիր կիրականացնեն

analitik.am

Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը 2014 թվականի փետրվարի 17-ից Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից:

 

Այս մասին հայտնում են բարեգործական հասարակական կազմակերպության մամուլի ծառայությունից։

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ տաք սնունդ ստանալու և միմյանց հետ շփվելու նպատակով տարեցները Օրրան կհաճախեն կեսօրին: Տաք սննդի այս ծրագիրը կազմվել է Երևանի Օրրանի տարեցների ծրագրի հիման վրա, որում` 2000 թվականից ի վեր ավելի քան 55 տարեցներ են ընդգրկված:

 

 

Ներկայնումս Վանաձորի Օրրան են հաճախում տնտեսապես անապահով ընտանիքների ավելի քան 65 երեխաներ, որոնք Օրրանում ստանում են տաք սնունդ, ինչպես նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ: Երեխաները մասնակցում են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացների և մշակութային հարուստ ծրագրերի:

 

«Սահմանափակ միջոցների պատճառով սկզբում մենք հնարավորություն չունեցանք ծրագրում ընդգրկել նաև տարեցներին, ինչպես որ դա արվում էր Երևանի Օրրանում,–ասել է Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը,–երբ Սերժ Թանկյանը և նրա տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թե ինչպես կարող են օգնել Վանաձորի Օրրանին, մենք նրանց առաջարկեցինք մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ և արագորեն` մի քանի օրվա ընթացքում, արդեն ծրագրում կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում կարիքավոր տարեցները օրվա ընթացքում գոնե մեկ անգամ տաք սննդի, տաքուկ անկյան և հոգածության հնարավորություն կունենան»:

Նույն շարքից