Տանձենու բնափայտը շատ արժեքավոր է, ժամանակի ընթացքում ստանում է մուգ շագանակագույն սաթի երանգ։ Փայտանյութի, ինչպես նաև տանձենու պտղի մեջ կան «քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքից։ Տանձենու պտուղներից պատրաստում են կոմպոտ, ջեմ, զանազան քաղցրավենիքներ. Եվրոպայում հայտնի է Շվեյցարիայում պատրաստվող տանձի դոշաբը։
Տանձն առանձնանում է ոչ միայն արտաքին տեքսով, այլ նաև իր համային յուրահատկությամբ: Այն հարուստ է բազմաթիվ օգտակար վիտամիններով, որոնք օգտակար են օրգանիզմի համար: Տանձը պարունակում է 6 -16% շաքար, А С, Р, РР վիտամիններ, 84% ջուր, ինչպես նաև մեծ քանակությամբ երկաթ: Զարմանի է, որ չնայած իր քաղցրությանը, այն ավելի քիչ քանակությամբ շաքար է պարունակում, քան խնձորը:
Այն համարվում է բավականին թանկ միրգ: Տանձն ունի հարյուրավոր տեսակներ: Տանձն օգտագործում են զանազան դեղամիջոցներ պատրաստելու համար: Գիտնականները պարզել են, որ այն տանձերը, որոնք ունեն սուր հոտ, հիմնականում կիրառվում են դեղատոմսերում: Օգտակար է հատկապես տանձի թուրմը, որն օգտագործում են որպես ջերմիջեցնող` թոքերի մրսածության, ինչպես նաև շաքարի դեպքում:
Ժողովրդական դեղատոմսեր
Հայ բժշկապետերն արաբական արշավանքների ժամանակներից օգտագործել են տանձի պտղից ստացված պատրաստուկները` որպես վերքամոքիչ, ջերմիջեցնող միջոց, բուժել են թոքերի հիվանդությունները, կոկորդի ցավը։ Իմացել են, որ տանձը հագեցնում է ծարավը, դադարեցնում է սրտխփոցները, ամրացնում է սիրտը և ստամոքսը, պակասեցնում է դեղին մաղձը։ Ամիրդովլաթը գրել է. «Տանձի սերմերը ճիճվաթափ հատկություն ունեն, տերևներն օգնում են փափուկ խոցերի դեպքում։
Թթու տանձը ամրացնում է օրգանիզմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձն օժտված է չորացնող հատկությամբ։ Ասում են, որ տանձի վրայից չի կարելի ջուր խմել։ Տանձը վնաս է խիթերի դեպքում։ Օգնում է լուծի դեպքում և օգտակար է ստամոքսի համար։ Եթե տանձը չորացնեն, եփեն և ջուրը խմեն, լուծ կառաջացնի»։