Հասարակություն 

Օրվա ծնունդը. Ռաֆայել Աթոյան

analitik.am
ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը 60-ականների վառ ներկայացուցիչներից է: Ապրել և ստեղծագործել է այնպիսի արվեստագետների կողքին, ինչպիսիք են Մինասը, Հակոբ Հակոբյանը, Էլիբեկյան եղբայրները, Մարտին Պետրոսյանը, Էդուարդ Խարազյանը, Արա Շիրազը և ուրիշներ:
 

Ինչպես այդ ժամանակների բոլոր արվեստագետները, Ռաֆայել Աթոյանը ևս առանձնանում է իր ուրույն ձեռագրով ու մտածողությամբ: Եվ թերևս այդ առանձնահատկությունը նրա յուրօրինակ սերն է իր հայրենի բնօրրանի, քաղաքի, յուրօրինակ վերաբերմունքն իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, որը լիարժեքորեն արտահայտվել է նրա ստեղծագործություններում:

Գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը ծնվել է 1931թ. հունվարի 31-ին Լենինականում, 1944-1946թթ. սովորել է հայրենի քաղաքի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, այնուհետև Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և գեղարվեստաթատերական ինստիտուտում:
 
1960թ. նկարիչների միության անդամ է: Հանդես է եկել բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում և այլուր: Նրա կտավներում գույները հուշիկ զրուցում են միմյանց հետ, պատմում, թե որքան հրապուրիչ կարող է լինել ամենօրյա աշխատանքն ու առօրյա կյանքն իր անդորրավետությամբ ու բանաստեղծականությամբ: Այդ ամենը տեսնել է պետք, իսկ գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը ոչ միայն տեսել , այլև վրձնել է այդ ամենը:
 
Թերևս նկարչի ամենամեծ առավելությունն անհատին բնությանը, իր միջավայրին ներդաշնակելու ցանկությունն է: Ու Ռաֆայել Աթոյանը հրաշալիորեն իրագործել է իր ցանկությունը բազմաթիվ բնանկարներում, կոմպոզիցիաներում, նատյուրմորտներում, ինչպես նաև փոքրաթիվ, սակայն հրաշալի դիմանկարներում:
 
Մեր օրերում դժվար է իրատես նկարիչ լինելը, շատ քիչ է իրական աշխարհն ու մեզ շրջապատող աշխարհը կտավին փոխանցելը: Ժամանակն այլ պահանջ ունի, սակայն բոլոր ժամանակներում էլ արվեստի իրական արժեքներ ստեղծելու համար թերևս անկեղծություն, բնականություն ու ազնվություն է անհրաժեշտ, որոնցով առատորեն շաղախված են Ռաֆայել Աթոյանի կտավները:
 
Նկարչից պահանջվում է նաև սիրել այն ամենը, ինչ նկարում է: Կասկած անգամ չկա, որ Աթոյանը նկարել է այն ամենը, ինչ սիրում է: «Որքան որ ինձ հիշում եմ` հատկապես մանկությունս, ամեն ինչ առնչվում է ինձ շրջապատող բնության հետ, այն տան ու գյուղի հետ, որտեղ ապրել եմ: Տղամարդիկ, կանայք, ծերունիներն ու երեխաները, կենդանիները, ծառերը` բոլորը նույն օդն են շնչում և միավորված են տիեզերական անքակտելի շղթայով: Եվ այդ շղթայում հակասություններ, վախեր չկան, այն կայուն է, հավերժական: Այսպիսին է իմ աշխարհայացքը, նույնիսկ այն դեպքում, երբ հաճախ կյանքն անտանելի է դառնում, ինչպես պատերազմի տարիներին էր: Այդ է պատճառը, որ ողջ իմ ստեղծագործական կյանքում աշխատել եմ մարդու և բնության միջև գոյություն ունեցող ներդաշնակությունը կտավին փոխանցել»,-ասում է նկարիչը:
 
Ռաֆայել Աթոյանը «Փողոց Գյումրիում» վերնագրով բազմաթիվ կտավներ է վրձնել: Արվեստագետը հոգու խորքում հասկացել է, որ իր օրերի Գյումրվա տեսարանները վաղն արդեն հուշ են դառնալու` իսկապես, այսօր արդեն ֆայտոններ չես տեսնի քաղաքի փողոցներում, գրեթե չես հանդիպի կիրակնօրյա պատարագի շտապող գյումրեցի զույգերի: Ըստ երևույթին, ժամանակներն ու պահանջներն են փոխվել, սակայն նկարչի ցանկությունն է, գոնե իր կտավներում Գյումրին ունենա այն կոլորիտը, համն ու հոտը, ինչպես հին ու բարի ժամանակներում:
 
Ռաֆայել Աթոյանը հավատացյալ քրիստոնյա է: Նա Աստծո ներկայությունն ու իր աղոթքը դեպ Աստված կտավների եկեղեցիներով է արտահայտում: Դրանք ոչ միայն հայրենի քաղաքի հայտնի Յոթ վերք եկեղեցին է, այլև Հայաստանի նշանավոր եկեղեցական համալիրները` Մարմաշեն, Կարմրավոր, Սաղմոսավանք:
 
Արդեն 18 տարի է, ինչ Ռաֆայել Աթոյանը Ֆրեզնոյում է ապրում: Տարիների հեռվից նկարիչը չի կորցրել հայրենի քաղաքը զգալու ունակությունը: Նա միաժամանակ Ֆրեզնոյի սուրբ Նշան եկեղեցին է նկարում և հայրենի Գյումրվա հուշապատկերները: Ռաֆայել Աթոյանն իր կարոտն է նկարում:

Նույն շարքից