Գլխավոր Հասարակություն 

Կառավարությունն անտեսելով հասարակությանն էլ ավելի է խորացնում իր հանդեպ անվստահությունը. Մկրտիչ Մինասյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ բավականին մտահոգված է Համալիրի հարակից կանաչ տարածքներից 9 հեկտար տարածք  նոր սեփականատերերին հատկացնելու կապակցությամբ. «Որևէ մեկը տեղյակ չէ, որ կոնկրետ որտեղ է հատկացվելու այդ տարածքը՝ այն ներառելո՞ւ է Ցեղասպանության հուշահամալիրի տարածքներից ինչ-որ մաս, թե ոչ, չգիտենք: Այդ տարածքում կառուցվելու են ընտանեկան հյուրանոցներ, խաղատուն, ջրաշխարհ, ռեստորաններ և այլն,  սակայն պետք է հասկանալ, թե կոնկրետ որտեղ է դա լինելու»:

Մեր հարցին, թե արդյոք Ճարտարապետների միությունը որևէ քայլ ձեռնարկե՞լ է՝ իմանալու համար, թե որ տարածքի մասին է խոսքը, Մինասյանը նշեց, որ գրություն են ուղարկել ՀՀ Կառավարություն և սպասում են պատասխանին. « Մենք հասկանում ենք, որ երկրում այսօր տնտեսական խնդիրներ կան, ներդրումները բավականին կարևոր են, սակայն չպետք է անտեսվի հասարակության կարծիքը, պետք էր նախապես քննարկումներ արվեր, տեղյակ պահել նաև հասարակությանը, այլ ոչ թե որոշում կայացնել, հետո նոր քննարկել: Կառավարությունը նման կերպ գործելով էլ ավելի է խորացնում հասարակության անվստահության մթնոլորտն իր հանդեպ: Մենք գրություն ենք ուղարկել կառավարություն, տեսնենք՝ ինչ կլինի »:

Մինասյանը կարծիքով բոլոր ներդրողներին առաջին հերթին հետաքրքրում է իրենց շահը, այլ ոչ թե պետության կամ հասարակության շահը. «Փակ շուկայի դեպքում էլ հասարակությունը պայքարով կարողացավ հասնել նրան, որ գոնե մասամբ պահվի շենքի ընդհանուր տեսքը: Դա միակ տաբերակն է, սակայն պետք է լիներ այնպես, որ կառավարությունը ներդրողներին պայմաններ առաջադրեր՝ ճարտարապետական հուշարձաններ համարվող շենքերի հետ կապված»:

Մեր հարցին, թե միայն Հայաստանաբնակ  ներդրողնե՞րը չեն պահպանում ճարտարապետական հուշարձանների տեսքը՝ հանուն իրենց շահի, թե դա ամենուր է այդպես, Մինասյանը պատասխանեց. «Առաջին ճարտարապետական հուշարձան համարվող «Սևան» հյուրանոցի շենքը քանդել է սփյուռքահայ ներդրող Վաչե Մանուկյանը: Խոսքը Շահումյան հրապարակին կից գտնվող ճարտարապետական արժեք համարվող շենքի մասին է, որը մինչև օրս էլ քանդված մնացել է: Արդեն քսան տարի է Վաչե Մանուկյանը որևէ բան չի կառուցել այդ տարածքում՝ փոխարենը ոչնչացվեց հրաշալի ճարտարապետ Բունիաթյանի կողմից կառուցված շինությունը: Այնպես որ, միայն Հայաստանաբնակ օլիգարխները չեն, որ ոչնչացնում են ճարտարապետական կառույցներն ու կանաչ տարածքները»:

Նույն շարքից