Հայաստան Քաղաքական 

Ես կողմ եմ գնալ քննարկումների ու պայքարել իմ սկզբունքների համար. Ռուբիկ Հակոբյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ սահմանադրական բարեփոխումների առաջարկված նախագծի քննարկումից հետո պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է ներկայացված փաստաթուղթը բավարարում «Ժառանգությանը», նկատեց, որ վարչությունն այդ հարցը դեռևս չի քննարկել։

 

«Ես իմ անձնական կարծիքը կարող եմ ասել. մենք մեր առաջարկություններում երեք հարց էինք ներկայացրել՝ համամասնական ընտրակարգին անցում, խորհրդարանական ընդդիմությանը լծակներ տալը և արտահերթ ընտրություններ, ըստ էության, երկու հարցն ընդգրկվել է նախագծում»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, սակայն, որ համամասնական ընտրակարգի երկու տասնյակից ավելի տեսակներ կան:

Պատգամավորը չշտապեց նախագծին «այո» կամ «ոչ» ասել, քանի որ «ինքնանպատակ չպետք է լինի»: «Ես կողմ եմ գնալ քննարկումների ու պայքարել իմ սկզբունքների համար, իսկ «այո»-ն կամ «ոչ»-ը երբեք ուշ չէ»,-ասաց նա:

Նույն շարքից