2012թ. օգոստոսին «կարմիր մոլորակի» վրա բարեհաջող վայրէջք կատարած Curiosity մարսագնացը, որն արդեն 5 կմ տարածություն է հաղթահարել այնտեղ, սուր քարի հետ բախման հետևանքով վնասել է իր անիվներից մեկը։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետների կարծիքով՝ մարսագնացը վնասել է ալյումինե անիվը, երբ ավազաթմբերով ուղևորվելիս է եղել դեպի Գեյլ հրաբխային խառնարանի կենտրոնական գագաթը։
Այժմ մասնագետները պետք է սարքի համար առավել անվտանգ ճանապարհ գտնեն, որպեսզի կարողանան հետագայում խուսափել խոչընդոտներից։
Մարսի վրա գտնվելու մեկուկես տարվա ընթացքում Curiosity-ին հաջողվել է պարզել, որ հեռավոր մոլորակի հողում կա ջուր և որ նախկինում այն կարող էր պիտանի լինել կյանքի գոյության պահպանման համար։ Բացի այդ, մարսագնացը պարզել է, որ մոլորակի վրա միլիոնավոր տարիներ առաջ եղել է քաղցրահամ ջրով լիճ, ինչպես նաև առու։