Հայկական զինված ուժերում ծառայող զինվորների բնակարանային վիճակը բարելավելու նպատակով այս տարի ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ մինչև տարեվերջ Ագարակ և Վանաձոր քաղաքներում շահագործման կհանձնվի 56 բնակարանով ևս երկու շենք:
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ զինվորների բնակարանային վիճակը բարելավելու խնդիրը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում և յուրաքանչյուր տարի որոշակի գումար է հատկացվում այդ խնդրի լուծման համար:
«Այս տարի զինծառայողների բնակարանների նորոգման և կառուցման համար նախատեսվում է հատկացնել 228.1 միլիոն դրամ գումար: ՀՀ ՊՆ-ն 2015թ. հունվար-հուլիս ամիսներին 74 զինծառայողի արդեն ապահովել է բնակարաններով: Մինչև տարեվերջ նախատեսվում է ծառայողական բնակարանով ապահովել ևս 56 զինվորականի: 2015թ. ընթացքում ծառայության անցկացման վայրում ծառայողական բնակարանների բացակայության դեպքում զինծառայողների վարձակալած բնակարանների դիմաց 840 զինծառայողի տրվել է դրամական փոխհատուցման թույլտվություն, ինչը գործող կարգի համաձայն համարժեք է ծառայողական բնակարանով ապահովելուն»,- ասացին նախարարությունից` շեշտելով, որ բնակարանները զինծառայողներին հատկացվում են` հիմք ընդունելով զինծառայողների բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու ամսաթիվը: