Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Կառավարությունն իրավունք չունի վաճառել Մարզահամերգային համալիրը. Սուրեն Զոլյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբի հյուրն էր քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը: Մարզահամերգային համալիրի վաճառքի հետ կապված նա ասաց, որ դա նույնն է, որ ուղղակի անթույլատրելի է համարում այդ կառույցի վաճառքը. «Կառավարությունը ի՞նչ գործ ունի Մարազհամերգային համալիրի հետ, որ մի հատ էլ հայտնվի վաճառողի դերում: Եթե չեն կարողանում տնօրինել այդ կառույցը, թող տա այնպիսի մեկին, ով կկարողանա տնօրինել, այլ ոչ թե վաճառի: Նրանք վաճառում են, որ իրենց հարցերը լուծեն, էդ դեպքում թող իրենց օբյեկտները վաճառեն, ոչ թե Մարզահամերգային համալիրը: Նույնն է, որ տան մաքրուհի բերեք, նա չկարողանա լավ մաքրել տունը, ձեզ հանի տանից ու վաճառի այն: Մարզահամերգային համալիրը Կառավարության սեփականությունը չի, որ մի հատ էլ  վաճառի այն, եթե չի կարողանում հոգալ շենքի մասին, ապա պետք է այնպիսի մարդիկ գան նրանց փոխարեն, ովքեր կկարողանան»:

Ըստ Զոլյանի երկրորդական է այն հարցը, թե համալիրը  կվերածեն կազինոյի կամ մել այլ ուրիշ բանի. «Այստեղ գաղտնի գործարք է կնքվել, որը խորացնում է կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը: Վաճառքի հարցը պետք է վիճարկվի դատական կարգով: Պակաս կարևոր չէ նաև քաղաքացիական հասարակության արձագանքը, ցավոք, այսօր հասարակական կազմակերությունները շատ թույլ վիճակում են, այդ իսկ պատճառով էլ չեն պայքարում»:

Այն հարցին, թե Հանրային խորհուրդը այս հարցի շուրջ ի՞նչ քայլեր է ձեռնարկել Զոլյանը պատասխանեց. «Հանրային խորհուրդն  այժմ արձակուրդում է, այնտեղ այս հարցերի նման բազմաթիվ հարցեր են քննարկվել, որոնք ոչ մի լուծում չեն ստացել, ակնհայտ է, որ Հանրային խորհրդի քննարկումները ոչ մի ազդեցություն էլ չեն ունենում: Իշխանությունները խորհրդին բանի տեղ չեն դնում»:

Իսկ այն հարցին, այդ դեպքում Հանրային խորհուրդը ինչո՞ւ է գործում և ինքն ինչո՞ւ է անդամակցում դրան,  Զոլյանն ասաց, որ ինքն էլ չգիտի։

Զոլյանը նաև նշեց, որ չի հասկանում, թե ինչու էր Մարզահամերգային համալիրը տրվել ՊՆ-ին, քանզի այն պետք է իրականացնի երկրի սահմանների պաշտպանություն և որևէ կապ չունի համերգների և թատրոնների կազմակերպման հետ:

 

Նույն շարքից