Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակված են նոյեմբերի 1-ին, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաշվարկների արդյունքն է:
«Սկզբից եւեթ, երբ նա տեսավ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները իրեն ձեռնտու չեն, նա մտածեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին՝ այն հույսով, որ կկարողանա մի քանի տոկոսով ավելացնել «Արդարություն ու զարգացում» կուսակցության ձայները, դրանով իսկ ստանալով միանձնյա կառավարություն ձեւավորելու հնարավորություն»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արևելագետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցել են հունիսի 7-ին։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է ընտրողների 40․8 տոկոսը, «Ժողովրդական- հանրապետական կուսակցությունը»՝ 24․96 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 16․3 տոկոս, եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ 13․1 տոկոս։