Բարի օր Մշակույթ 

Օգոստոսի 31-ին ծնվել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը

analitik.am
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը (1908թ. օգոստոսի 31- 1981թ. մայիսի 18) համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկային մտածողության, ապրումների և բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով: Գրել է անգլերեն:
Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում:
Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես` մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ:
Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935թ., այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ.: Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է:
Մահից առաջ կտակել է` իր աճյունի մի մասը պետք է թաղվի հայրենի հողում:
Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները:
Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008թ. գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:
«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:
Վիլյամ Սարոյան

Նույն շարքից