«2009 թվականին ես կողմ էի հայ-թուրքական արձանագրություններին, սակայն ներկայումս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել. արդյո՞ք պետք է վերադառնալ այդ արձանագրություններին: Եթե Թուրքիան ուզում է հարաբերություններ հաստատել, կա շատ կարճ ճանապարհ. սահմանը բացել և ուղարկել փաստաթուղթ ՀՀ ԱԳՆ: Դա պետք է լինի սովորական ձևով: Անիմաստ է մեծ փաստաթղթեր կնքելը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետի խոսքով, Թուրքիան այսօր այն չէ , ինչ 6 տարի առաջ. «Այն ժամանակ նա ակնհայտ Եվրոինտեգրման էր գնում: Թուրքիան իր քաղաքականությունը փոխեց. Ճանաչեց քրդերին, որպես առանձին էթնիկ խումբ: Բավական կայուն զարգացող երկիր էր: Այսօր մենք գործ ունենք այլ երկրի, այլ իրավիճակի հետ: Այսօր այլ դիրքերից պետք է խոսենք այդ երկրի հետ»: