Հասարակություն գլխավոր 

Ուսուցիչնե՛ր, սովերեցրեք երեխաներին երամին հակառակ թռչել. Ա. Բախշյան

Մանկավարժի մասնագիտությունը հեղինակազրկում է այն փաստը, որ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում սովորում են գիտելիքներով չփայլող երեխաներ: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը։

«Մանկավարժական համալսարան դիմում են գիտելիքներով չփայլող երեխաներ: Դրանով հեղինակազրկվում է մանկավարժի մասնագիտությունը: Պետությունն էլ իր հերթին է հեղինակազրկում մանկավարժներին` հետագայում տալով չնչին աշխատավարձեր»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել այն փաստը, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի երեխաները մասնավոր դպրոց են հաճախում, տիկին Բախշյանը պատասխանեց, որ Կրթության և գիտության նախարարին պատիվ չի բերում դա. «Հասկանալի է, որ մեր ԿԳ նախարարը որպես ծնող շահագրգռված է, որպեսզի իր երեխային տա այն լավագույն կրթությունը, որը կա մեր երկրում: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ պետության ենթակայության տակ գտնվող դպրոցների նկատմամբ իր կողմից վստահություն չկա: Դա նախարարին պատիվ չի բերում»:

Կրթական ոլորտի ձեռքբերումների մասին խոսելիս՝ Բախշյանը նշեց, որ շատ կարևոր է ներառական կրթությունը, որը նպաստում է նոր հասարակության ՝ ավելի բարի, հասկացող և մարդասեր ձևավորմանը, ինչպես նաև կարևորեց կրեդիտային համակարգի ներդրումը. «Կրեդիտային համակարգը արդեն դպրոցական տարիքից սովորեցնում է կուտակել գիտելիքները, դա շատ լավ է: Սակայն այս համակարգը դեռ կայացման փուլում է, պետք է ամեն ինչ անենք, որ այն վերջնականապես կայանա՝ մանավանդ դպրոցում»:

Ասուլիսի ավարտին Անահիտ Բախշյանը շնորհավորեց այն ուսուցիչներին, ովքեր առաջնորդվում են «դու կարող ես» սկզբունքով.

«Ես բարձր եմ գնահատում ուսուցիչներին, ովքեր ոչ թե կոտրում են երեխաներին, այլ հակառակը՝ սովորեցնում են նրանց երամին հակառակ թռչել: Ոչ թե ասում են՝ չես կարող, այլ ոգևորում են աշակերտներին՝ տեսնելով առաջին հերթին ոչ թե թերությունները, այլ կարողությունները»:

Նույն շարքից