Գործարար Գերման Ստերլիգովին ձերբակալել են մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանի սահմանային հսկիչ անցակետում: LifeNews-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը:
«Գերման Ստեռլիգովը ձերբակալվել է սահմանին՝ Դոմոդեդովո օդանավակայանում: Ամենայն հավանականությամբ, գործ ունենք ոչ թե միջազգային, այլ միջպետական՝ ԱՊՀ-ի շրջանակում հետախուզման հետ»,- հաղորդել է Հայրապետովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինտերպոլի կողմից Ստեռլիգովի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է՝ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող: Հուլիսի 28-ին Ադրբեջանի իշխանությունները Ստեռլիգովի նկատմամբ հետախուզում էին հայտարարել, որովհետեւ հուլիսի սկզբին նա ընտանիքով մեկնել էր Լեռնային Ղարաբաղ: Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մամլո հաղորդագրության համաձայն, գործարարն ապօրինաբար հատել է Ադրբեջանի սահմանը եւ ժամանել «Հայաստանի զինված ուժերի կողմից գրավված» տարածք, որտեղ «պետության դեմ բացահայտ կոչերով է հանդես եկել»: